Կորոնավիրուսն իսկապես ավելի վտանգավոր է, քան գրիպը. COVID-19-ից մահացությունը երեք անգամ գերազանցում է մահացությունը գրիպից, պարզել են գիտնականները Ֆրանսիայից: Նրանք գրիպով եւ COVID-19-ով հիվանդների վիճակի ամենամեծ համեմատական վերլուծությունն են անցկացրել: Արդյունքները հրապարակվել են The Lancet-ում:
Ոսումնասիրելով 2018-ի դեկտեմբերից մինչեւ 2019-ի փետրվար սեզոնային գրիպով հիվանդանոց ընդունված 45.819 մարդու եւ COVID-19-ով հոսպիտալացված 89.530 հիվանդի տվյալները` գիտնականները նկատել են, որ COVID-19-ով հիվանդների 16.3 տոկոսն ընդունվել է ռեանիմասցիա` գրիպով հիվանդների 10.8 տոկոսի համեմատ: COVID-19-ով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրած միջին ժամանակը գրեթե կրկնակի երկար էր` 15 օր` գրիպի դեպքում 8 օրվա դիմաց:
Բացի այդ, կորոնավիրուսով հիվանդները երկու անգամ ավելի հաճախ են թոքերի արհեստական օդափոխություն կարիք ունեցել եւ յուրաքանչյուր չորրորդ հիվանդի մոտ սուր շնչառական անբավարարություն է առաջացել: Գրիպով հիվանդների շրջանում յուրաքանչյուր հինգ մարդուց միայն մեկն է շնչառության հետ կապված խնդիրներ ունեցել: Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ COVID-19-ից մահացությունը երեք անգամ գերազանցում է մահացությունը գրիպից:
Նման եզրակացությունների են հանգել Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները British Medical Journal-ում հրապարակված իրենց հետազոտության մեջ: Նրանց տվյալներով` կորոնավիրուսային վարակով հիվանդներն ավելի շատ ժամանակ են անցկացնում հիվանդանոցում եւ գրեթե 5 անգամ ավելի հաճախ են մահանում, քան գրիպով հիվանդները:






