SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ իմունիտետը պահպանվում է ոչ պակաս 8 ամիս՝ նույնիսկ արյան մեջ հակամարմինների մակարդակի նվազումից հետո: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը Ավստրալիայի Մոնաշ համալսարանի գիտնականները հրապարակել են Science Immunology ամսագրում:

Վարակված մարդկանց արյան մեջ կորոնավիրուսի դեմ հակամարմինները սովորաբար հայտնվում են հիվանդության վեցերորդ օրվանից: Սակայն G իմունոգլոբուլինների մակարդակը (հակամարմին, որը պատասխանատու է երկարատեւ իմունիտետի համար)  սկսում է արագ նվազել ախտորոշումը կատարելուց հետո 20 օր անց: Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ հակամարմինների կեսն անհետանում է ընդամենը 36 օրվա ընթացքում:

Միաժամանակ, COVID-19-ից հետո ապաքինվածների մոտ կան յուրահատուկ Т- եւ В-բջիջներ (լիմֆոցիտներ), որոնք նոր կորոնավիրուսի մասին տեղեկություն են պարունակում: Գիտնականների կարծիքով՝ այդ բջիջները կարող են ապահովել SARS-CoV-2-ի դեմ երկարատեւ պաշտպանություն: Սակայն այն, թե որքան երկար են պահպանվում COVID-19-ից հետո, հայտնի չէր:

Նոր հետազոտության հեղինակներն առաջին անգամ հաստատել են, որ COVID-19 տարած մարդկանց մոտ այս ինֆեկցիայի դեմ իմունիտետը պահպանվում է ոչ պակաս 8 ամիս, հայտնում է Medportal.ru-ն: Այս ժամկետի լրանալուց հետո գիտնականները մարդկանց արյան մեջ հայտնաբերել են հիշողության В-բջիջներ, որոնք SARS-CoV-2-ի մասին յուրահատուկ տեղեկություն են կրում: Վիրուսին դարձյալ հպվելով՝ այս բջիջները գործարկում են իմունային ռեակցիաների կասկադ, որոնք բերում են հակամարմինների արագ արտադրման:

Հետազոտությանը մասնակցել են COVID-19-ից ապաքինված 25 պացիենտներ: Նրանք հիվանդությունը սկսվելուց հետո 4-րդից 242-րդ օրը պարբերաբար արյան անալիզ են հանձնել:

Ինչպես եւ մյուս շատ հետազոտություններում գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսի դեմ հակամարմինների խտությունը սկսում է արագ նվազել շուրջ 20 օր հետո: Սակայն պացիենտների արյան մեջ մնում էին հիշողության В-բջիջները, որոնք կարող էին ճանաչել կորոնավիրուսի սեպաձեւ սպիտակուցը, որի միջոցով վիրուսը թափանցում է բջիջների մեջ, եւ կորոնավիրուսի նուկլեոկապսիդի (թաղանթի) սպիտակուցը:

Գիտնականների խոսքով՝ այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման ազդեցությունը կարող է երկարատեւ լինել: