COVID-19 կորոնավիրուսային վարակը կարող է նպաստել արյան երկրորդական վարակների զարգացմանը, որոնք կարող են հիվանդության ծանր ընթացքի լրացուցիչ գործոն հանդիսանալ եւ մեծացնել մահվան ռիսկը: Այս մասին նախազգուշացնում են Ռաթգերսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները: Նրանք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Clinical Infectious Diseases ամսագրում:
Ըստ MedicalXpress-ի` հետազոտողները վերլուծել են ծանր COVID-19-ով 375 հիվանդի տվյալները: Նրանցից 128-ի մոտ արյան երկրորդական վարակներ են հայտնաբերվել, ընդ որում, 92 դեպքում վարակները բակտերիալ էին:
Գիտնականների խոսքով` այդ հիվանդների մոտ այնպիսի խնդիրների առաջացման մեծ վտանգ կար, ինչպիսիք են փոփոխված մտավոր վիճակը, թթվածնի ցածր հագեցվածությունը, սեպտիկ ցնցումը եւ վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացման անհրաժեշտությունը: Ընդ որում, երկրորդային վարակներն ավելի մեծ հավանականությամբ առաջացել են այն հիվանդների մոտ, ովքեր լրացուցիչ թթվածնի բարձր մակարդակ էր պահանջում: Մահացության մակարդակը նրանց մոտ արդեն 50 տոկոսի էր հասնում:
Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչպես եւ ինչու է կորոնավիրուսի վարակն արյան երկրորդական վարակների հանգեցնում: Դա կարող է պայմանավորված լինել հակաբիոտիկ դեղամիջոցների հաճախակի օգտագործմամբ, ինչը ինքնին կարող է բարդությունների եւ դեղակայուն վարակների հանգեցնել:






