Տեսակետ կա, թե աշխատավայրում հաջողության հասնելու համար հարկավոր է նախ եւ առաջ սեփական կարիքները հոգալ եւ ապա միայն գործընկերների մասին մտածել: Թեեւ վերջերս Գերմանիայում իրականացված հետազոտության արդյունքները ճիշտ հակառակն են պնդում՝ որքան անձնուրաց եւ այլասեր է աշխատակիցը, այնքան ավելի արդյունավետ է գործում աշխատավայրում եւ, թիմային աշխատանք վարելու եւ տեղեկություններ կիսելու կարողության շնորհիվ, մասնագիտական հաջողություններ գրանցում, հաղորդում է Medical Daily-ն:
Ասել է, թե՝ ներկայիս դարաշրջանը աստեղային ժամն է այն մարդկանց համար, որոնք աշխատավայրում ունակ են զիջումների գնալ ու գործընկերոջ շահերով առաջնորդվել: Թյուբինգենի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության մասնակիցները, Փենսիլվանիայի համալսարանը ներկայացնող փորձագետ Ադամ Գրանտի հեղինակմամբ մշակված անձնական հատկանիշների թեստի արդյունքներից ելնելով, երեք հիմնական խմբերի՝ զիջողների, վերցնողների եւ փոխանակողների են բաժանվել: Այնուհետեւ, ալտրուիստական մակարդակի չափման նպատակով, նրանց որոշակի փորձնական իրավիճակներ են առաջարկվել:
Մասնավորապես, մասնակիցներին երեւակայան գումարների խմբային հավաքագրումներ իրականացնելու հնարավորություն է տրվել՝ պայմանով, որ հավաքված ողջ գումարի կրկնապատիկն ի վերջո մասնակիցների միջեւ հավասարապես բաժանման է ենթակա: Ասել է, թե՝ տեսականորեն, եթե բոլորը նախատեսված գումարի չափով ներդրում կատարեն, իրավիճակը բոլորին է ձեռնտու: Սակայն, որքան քիչ է որեւէ մասնակից ներդրում կատարում, այնքան ավելի բարձր է նրա՝ շահած դուրս գալու, եւ խմբի մյուս անդամների՝ գումար կորցնելու հավանականությունը:
Զիջողների խմբում ներառված աշխատակիցները ոչ միան նախատեսված գումարի չափով են ներդրում կատարել, այլ՝ մի բան էլ ավել: Վերցնողների պարագայում իրավիճակը ճիշտ հակառակ տեսքն է ստացել: Իսկ ահա փոխանակողների խմբում գրանցված արդյունքները միջին ցուցանիշ են գրանցել: Հետազոտության արդյունքներն առաջարկում են երեւակայական գումարի փոխարեն իրավիճակը տեղեկությունների փոխանակման տեսանկյունից պատկերացնել՝ անձնական հատկանիշների եւ արդյունավետ աշխատանքի միջեւ փոխկապակցվածության կարեւորությունը պատկերացնելու համար:
Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ ստացված արդյունքները կարող են կազմակերպչական մենեջմենթի ուշադրության կենտրոնում հայտնվել: Նրանց համոզմամբ, թափուր աշխատատեղի համար ընտրություն կատարելիս հարկավոր է նախապատվությունը «զիջողներին» տալ: Ճիշտ է՝ «վերցնողներն» առաջին հայացքից կարող են հրաշալի տպավորություն գործել, բայց աշխատանքի ընդունվելու պարագայում իրենց «դրայվը» երբեք հանուն գործընկերոջ չեն ծառայեցնի:






