Կրծքում քաղցկեղային ուռուցքներն առաջանում են կրծքագեղձում բջիջների անվերահսկելի աճի հետեւանքով: Գիտնականները կարծում են, որ արական հորմոնները կարող են օգնել զսպել այս գործընթացը:

Վերջին հետազոտությունները հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում անդրոգենների արդյունավետության նոր ապացույցներ: Անդրոգենները համարվում են «արական հորմոններ», բայց դրանք կանանց մոտ եւս փոքր կոնցենտրացիաներով առկա են: Կրծքի նորմալ զարգացման դեպքում էստրոգենը («կանացի հորմոն») խթանում է, իսկ անդրոգենը արգելակում է կաթնագեղձերի աճը սեռական հասունացման ընթացքում եւ ամբողջ հասուն տարիքում:

Էստրոգենի ոչ նորմալ ակտիվությունը «պատասխանատու է» չարորակ նորագոյացությունների զարգացման համար, բայց մինչեւ վերջերս այդ գործընթացներում անդրոգենների դերը հայտնի չէր: Այժմ Nature Medicine ամսագիրը հրապարակել է ուսումնասիրության արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ անդրոգենները ներուժ ունեն կրծքի էստրոգենից կախված քաղցկեղի բուժման մեջ:

Օգտագործելով բջիջների եւ հենց պացիենտերի մոդելներ՝ գիտնականները ապացուցել են, որ բնական անդրոգենի կամ նոր անդրոգենային դեղամիջոցի կողմից անդրոգեն ռեցեպտորի ակտիվացումը հանգեցնում է հզորագույն հակաուռուցքային ակտիվության: Այն նկատվում է էստրոգենից կախված կրծքագեղձի բոլոր չարորակ ախտահարումների դեպքում, նույնիսկ այն դեպքերում, որոնք դիմադրություն են ցուցաբերում բուժման գոյություն ունեցող բոլոր մեթոդներին։