Որքա՞ն ժամանակ են COVID-19-ով հիվանդները վարակիչ մնում եւ տարածում վիրուսը: Վերականգնվելուց հետո որքա՞ն ժամանակ է պետք դիմակ կրել եւ մեկուսացված մնալ: Այս հարցերին պատասխանել են կորեացի գիտնականներն իրենց նոր հետազոտության շրջանակներում:

Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտության մեջ ներառվել են տարբեր բարդություններով COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներ (միջինում 62 տարեկան): 71 տոկոսի մոտ կորոնավիրուսային թոքաբորբ էր ախտորոշվել, յուրաքանչյուր երրորդը թթվածնային աջակցության կարիք ուներ:

Բոլոր հիվանդները մեկուսացված էին միմյանցից, եւ յուրաքանչյուր երկու օրը մեկ անգամ բժիշկները նմուշներ էին վերցնում նրանցից ՊՇՌ թեստավորման համար. Մասնագետները ստացել էին ընդհանուր 156 նմուշ:

Գիտնականները նկատել են, որ ախտանիշների ի հայտ գալուց մինչեւ վիրուսի անհետացումն ընկած ժամանակահատվածը միջինում 7 օր է կազմում: Վերջին դրական թեստը ստացվել էր հիվանդներից մեկի մոտ ախտանշանների ի հայտ գալուց 12 օր անց: Թեստավորման դրական արդյունքների տեմպը կայունորեն նվազում էր ախտանիշների ի հայտ գալուց հետո ժամանակահատվածի ավելացման հետ միասին:

Գիտնականների խոսքով` այս արդյունքների հաստատման համար ավելի ծավալուն հետազոտություններ են անհրաժեշտ:

Մինչ օրս կատարված 98 հետազոտությունների ամենախոշոր ամփոփումը ցույց է տվել, որ կորոնավիրուսի ՌՆԹ-ի արտադրամն միջին տեւողությունը 17 օր է վերին շնչուղիներում ախտանիշների առաջացումից հետո եւ 14.6 օր` ստորին շնչուղիներում: Սակայն հետազոտություններից որեւէ մեկում հյուսվածքներում ախտանիշների ի հայտ գալուց 9 օր անց կենդանի վիրուսներ կամ արտաթորումներ չեն հայտնաբերվել: Այսպիսով, վիրուսային բեռի գագաթնակետը, ըստ գիտնականների, բաժին է ընկնում հիվանդության առաջին շաբաթվան: