Նոր կորոնավիրուսն ազդում է ոչ միայն մարդու թոքերի, այլ նաեւ շատ այլ օրգանների, այդ թվում` վերարտադրողական համակարգի վրա: Justus-Liebig-Universit համալսարանի (Գերմանիա) գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, ովքեր COVID-19-ն են տարել, կարող են բախվել պտղաբերության հետ կապված խնդիրներին:

Medportal.ru-ն հայտնում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսը կարող է պոտենցիալ կերպով վարակել տղամարդու վերարտադրողական համակարգի հիմնական օրգանները եւ վնասել ամորձիների հյուսվածքները: Կան նաեւ այլ վարկածներ, որոնց համաձայն վիրուսային ինֆեկցիաների դեպքում ամորձիները տուժում են արյան մեջ բորբոքային մեդիատորների բարձր մակարդակի կամ ջերմաստիճանի բարձրացման պատճառով:

Justus-Liebig համալսարանի գիտնականներն առաջինն են ստացել այս վարկածի համոզիչ ապացույցները: Նոր հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են վարակի ազդեցությունը տղամարդկանց պտղաբերության վրա` գնահատելով բորբոքման, օքսիդատիվ սթրեսի եւ սերմնաբջիջների մարկերները հաստատված COVID-19-ով որդեծնական տարիքի 86 տղամարդկանց մոտ: 60 օրվա ընթացքում հետազոտողները 10-օրյա ընդմիջումներով սերմնահեղուկի նմուշներ են վերցրել հիվանդներից եւ համեմատել են դրանք նույն տարիքի 105 առողջ տղամարդկանց նմուշների հետ:

COVID-19-ով բոլոր տղամարդկանց մոտ սերմնաբջիջներում բորբոքման եւ օքսիդիչ սթրեսի մարկերներն բարձր էին ավելի քան 100 տոկոսով` առողջ տղամարդկանց համեմատ: Ընդ որում, սերմնաբջիջների կոնցենտրացիան նվազել էր 516 տոկոսով, դրանց շարժունակությունը` 209 տոկոսով, իսկ ձեւը փոխվել էր 400 տոկոսով:

Լավ նորությունն այն է, որ տղամարդկանց շրջանում սերմնաբջիջների որակը ժամանակի ընթացքում բարելավվել է: Մյուս կողմից, նույնիսկ հիվանդների ամբողջական առողջացումից եւ վերականգնումից հետո բոլոր ցուցանիշները զգալիորեն ավելի վատն էին, քան առողջ տղամարդկանց մոտ: