Կորոնավիրուսի պատճառով հակաքաղցկեղային դեղամիջոցների մշակումը կրճատվել է 60 տոկոսով: Գիտնականների խոսքով՝ իրավիճակը մտահոգիչ է, քանի որ պանդեմիան մի օր կավարտվի, իսկ օնկոհիվանդությունների դեմ պայքարը կարող է բարդանալ:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով առաջիկա 20 տարում աշխարհում օնկոլոգիական հիվանդությունների դեպքերի թիվը կավելանա 60 տոկոսով:
The Lancet-ի փորձագետները կարծում են, որ պանդեմիան կարող է զգալիորեն վատացնել քաղցկեղային հիվանդությունների հետ կապված վիճակը: Այն բանից հետո, երբ պանդեմիան տարածվեց ամբողջ աշխարհում, շատ գիտական ինստիտուտներ եւ կազմակերպություններ իրենց ռեսուրսները մոբիլիզացրեցին վիրուսի ուսումնասիրության համար: Տարբեր երկրներում վերջին 40 ամիսների ընթացքում անցկացվել է օնկոհիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցների 1440 կլինիկական փորձարկում, եւ միայն 191-ն է մեկնարկել պանդեմիայի ընթացքում:
«Պանդեմիան մի օր կավարտվի, իսկ քաղցկեղը նախկինի պես մեզ հետ կմնա: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերսկսենք օնկոհիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը»,-ասել է Acorn AI Labs հետազոտական ընկերության փոխնախագահ Ֆահրիդ Մելհամը:






