Շագանակագեղձի հատուկ հակագենի (PSA) արյան անալիզը լաբորատոր հետազոտություն է, որով որոշվում է տղամարդու արյան մեջ վերը նշված հակագենի քանակը: Ինչպես NEWS.am Medicine-ին ասաց ուրոլոգ եւ ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը, PSA թեստը համարվում է բարձր տեղեկատվական մեթոդ, որը կարեւոր դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման գործում:

PSA-ն շագանակագեղձի կողմից տղամարդու օրգանիզմում արտադրվող սպիտակուց է: Տղամարդու արյան մեջ շիճուկի PSA մակարդակի բարձրացումը եւ այդ մակարդակի բարձրացման տեմպը կարող են շագանակագեղձի քաղցկեղի առկայության կասկածի հիմք հանդիսանալ: Ըստ որոշ տվյալների՝ նորմալ է համարվում PSA-ի մինչեւ 4 նգ/մլ կոնցենտրացիան՝ այդպիսի ցուցանիշ ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը ցածր է: Այլ տվյալներով՝ PSA-ի նորմալ արժեքի վերին շեմը չպետք է գերազանցի 2,5 նգ/մլ-ը: Շատ մասնագետներ, սակայն, նշում են, որ նորմայի վերին շեմը պետք է հաշվարկվի հաշվի առնելով հիվանդի տարիքը եւ մի շարք այլ առանձնահատկություններ:

Այնուամենայնիվ, PSA-ի մակարդակի բարձրացումը անպայմանորեն չի նշանակում շագանակագեղձի քաղցկեղի առկայություն: Տարբեր տվյալների համաձայն՝ բիոպսիայից հետո PSA-ի բարձր նիշ ունեցող հիվանդների գրեթե 30%-ի մոտ է հայտնաբերվել շագանակագեղձի քաղցկեղ:

Այսպես թե այնպես, PSA-ի բարձր մակարդակն արդեն պատճառ է լրացուցիչ հետազոտություններ անցնելու համար, որոնք կօգնեն հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղը վաղ փուլերում կամ բացառել այս հիվանդությունը:

Ինչպես նշեց մասնագետը, PSA-ի բարձր մակարդակ ստանալու դեպքում առավել հաճախ ուլտրաձայնային հետազոտություն են անցկացնում, իսկ հետագա հետազոտությունները կախված են դրա արդյունքներից: Եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ հիվանդը շագանակագեղձի քաղցկեղ ունի, կարող են բիոպսիա նշանակել: