Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը շրջակա միջավայրում է հայտնվում վարակված մարդու հազալու, փռշտալու, խոսելու կամ երգելու ժամանակ վիրուսային մասնիկներ պարունակող աերոզոլի ձեւով: Վարակման եւս մեկ պոտենցիալ աղբյուր կարող է լինել էլեկտրոնային ծխախոտի արձակած գոլորշին, կարծում են գիտնականները: Եթե այս եզրահանգումները հաստատվեն, սա, հավանաբար, կհանգեցնի մարդկանց կուտակման վայրերում վեյփինգի արգելմանը:

Մեքսիկայից, Իտալիայից եւ Նոր Զելանդիայից գիտնականների խումբը մոդելավորել է օդի մեխանիկական շիթը, ինչպես սովորաբար ստեղծվում է արտաշնչելիս, հայտնում է Medportal.ru-ն: Հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսի փոխանցման վտանգը՝ կախված տարբեր իրավիճակներում արտաշնչվող օդի, թքի կաթիլների եւ վիրուսային բեռնվածության ծավալից:

Ստացված արդյունքները համաձայնեցվում են բազմաթիվ հետազոտությունների եզրահանգումների հետ, որոնց համաձայն՝ կորոնավիրուսի տարածման առավելագույն վտանգ է ստեղծվում հազալիս կամ վարակակրի հետ խոսելիս: Այսպես՝ անգամ կարճ զրույցի ժամանակ վիրուսային մասնիկների փոխանցման հավանականությունը մեծանում է մինչեւ 80 տոկոսով: Իսկ եթե վարակակիրը հազացել է ձեզ շատ մոտ կանգնած, ապա վարակման հավանականությունը մեծանում է 260 տոկոսով:

Գիտնականները նաեւ պարզել են, որ վեյփ ինտենսիվ ծխելու դեպքում գոլորշու հետ շրջակա միջավայր է ընկնում վիրուսային մասնաիկներով 5-ից մինչեւ 17 տոկոս ավելի շատ կաթիլ, քան սովորական շնչելու դեպքում: Գիտնականների խոսքով՝ վիրուսային աերոզոլը էլեկտրոնային ծխախոտի գոլորշու հետ միասին կարող է տարածվել ավելի քան 2 մետր տարածությամբ: Սա նշանակում է, որ եթե անգամ վեյփերը խնամքով պահպանի անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, նա, միեւնույն է, կարող է շրջապատողներին վարակման ռիսկի ենթարկել այն դեպքում, եթե ինքը վարակված է:

Գիտնականները վեյփինգի սիրահարներին կոչ են անում ծխելու սարքերը չօգտագործել բարերում, խանութներում կամ հանրային տրանսպորտի կանգառներում: Ավելին՝ հեղինակները ողջամիտ են համարում մարդկանց կուտակման վայրերում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման արգելք սահմանելը: