Շատերի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ արտադրվող հակամարմինները պահպանվում են վարակվելուց հետո առնվազն 6 ամիս: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից հրապարակված զեկույցում տեղ գտած տվյալները:

Biobank-ի աշխատակիցները 6 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս արյան նմուշներ են հավաքել մոտ 20000 մարդուց: Ընդհանուր 18.893 մարդ (93.5 տոկոս) տրամադրել է առնվազն մեկ նմուշ, որը հաջողությամբ վերլուծվել է 2020 թվականի մայիսի 27-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտողները պարզել են, որ ուսումնասիրության ժամանակահատվածում մարդկանց 9 տոկոսն առնվազն մեկ նմուշ է ունեցել, որը սերոպոզիտիվ էր հակամարմինների նկատմամբ հետազոտության ընթացքում: Սերոտիպի տարածվածությունը զգալիորեն տատանվում էր տարիքի, էթնիկ պատկանելության, աշխարհագրական տարածաշրջանի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի առումով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նախկինում SARS-COV-2-ով վարակված մարդկանց 99 տոկոսի մոտ հակամարմինները պահպանվում են երեք ամիս, իսկ 88 տոկոսի մոտ` վեց ամիս: «Չնայած մենք չենք կարող վստահությամբ ասել, թե դա ինչպես է կապված իմունիտետի հետ, արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ կարող են պաշտպանված լինել հետագա վարակումից առնվազն վեց ամսվա ընթացքում բնական վարակումից եւ, հնարավոր է, պատվաստումից հետո,- ասել է UK Biobank-ի գլխավոր գիտաշխատող, գիտությունների թեկնածու Նաոմի Ալենը:- Ավելի երկար դիտարկումը թույլ կտա մեզ որոշել, թե որքան կտեւի այդ պաշտպանությունը»:

Հարկ է նշել, որ 88 տոկոսի մոտ ցուցանիշը կարող է «կարճ» լինել, քանի որ հետազոտության ընթացքում գիտնականները միայն հատուկ տեսակի հակամարմիններ էին փնտրում` հաշվի չառնելով մարմնի իմունային համակարգի այլ մեխանիզմները (օրինակ` T-բջջային իմունիտետը), որոնք եւս կարող էին իմունային պաշտպանություն ապահովել: