Եթե միասին հավաքենք SARS-CoV-2 կորոնավիրուսի բոլոր մասնիկները, որոնք այսօր տարածված են ամբողջ աշխարհում, կստացվի ընդամենը 160 միլիլիտր զանգված, որը հազիվ կլցնի գազավորված ըմպելիքի տարայի կեսը: Հաշվարկներից հետո այսպիսի եզրակացության է եկել Բաթի համալսարանի մաթեմատիկայի ուսուցիչ դոկտոր Քիթ Յեյթսը:

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհում վարակել է առնվազն 106 միլիոն մարդու եւ սպանել նրանցից ավելի քան 2,3 միլիոնին: Բայց վիրուսն ինքը շատ փոքրիկ է՝ ընդամենը 100 նանոմետր (կամ մետրի 100 միլիարդերորդ մաս) չափով, իսկ լայնակի 1000 անգամ ավելի բարակ է մարդկային մազից:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, BBC Radio 4-ը The Maths of Life and Death գրքի հեղինակ մաթեմատիկոսին հանձնարարել է պարզել, թե կորոնավիրուսի քանի մասնիկներ գոյություն ունեն աշխարհում եւ ինչ տարածություն դրանք կզբաղեցնեն, եթե բոլորը միասին հավաքենք:

Ինչպես հայտնի է, SARS-CoV-2 վիրուսն ունի գնդի ձեւ եւ տրամագիծը 80-120 նմ է: Պիկային վիրուսային ծանրաբեռնվածությունը՝ վիրուսների առավելագույն քանակը մարդու օրգանիզմում հասնում է 1 000 000 000 000 մասնիկների (այս պիկը սովորաբար տեղի է ունենում վարակվելուց վեց օր անց):

Աշխարհում, ըստ մասնագետի, օրական մոտ 3 միլիոն մարդ վարակվում է կորոնավիրուսով՝ սա ընդամենը հաշվարկված թիվն է, որն ավելին է, քան պաշտոնականը, եւ ներառում է ենթադրյալ անախտանիշ կրողներին:

Հաշվելով, թե քանի մարդ է վարակվել վերջին մի քանի օրվա ընթացքում, իսկ այնուհետեւ բազմապատկելով թիվը մեկ մարդուն վարակած վիրուսի քանակով, մաթեմատիկոսը եկել է այն եզրակացության, որ ցանկացած պահի աշխարհում կա մոտ երկու քվինտիլիոն (2x1018 կամ երկու միլիարդ հատ միլիարդ) վիրուսային մասնիկ:

«Հնչում է ինչպես իսկապես մեծ թիվ, եւ դա այդպես է: Սա մոտավորապես նույնքան է, որքան ավազահատիկները մոլորակի վրա»,- ասել է բժիշկ Յեյթսը:

Ելնելով 100 նմ տրամագծից (50 նմ շառավղից), կորոնավիրուսի մեկ մասնիկի ընդհանուր ծավալը կազմում է 523 000 խորանարդ նմ: Երկրի վրա ներկայումս գոյություն ունեցող բոլոր երկու քվինտիլիոն մասնիկների համար սա կազմում է 120 մլ ընդհանուր ծավալ: Սակայն մաթեմատիկոսը հաշվի է առել նաեւ այն փաստը, որ երբ գնդերը միմյանց վրա են դասավորված, օրինակ՝ նարնջի բուրգում կամ գնդիկավոր փոսում, յուրաքանչյուր օբյեկտի միջեւ մնում է դատարկ տարածություն: Հաշվի առնելով դա, ստացվում է, որ աշխարհում կորոնավիրուսի բոլոր մասնիկների ծավալը, եթե դրանք միասին հավաքենք, կկազմի մոտ 160 մլ, այսինքն գազավորված ըմպելիքի տարայի (330 մլ) կեսից էլ քիչ: