Միաժամանակ երկու դիմակ կրելը մինչեւ 80-90% արդյունավետությամբ նվազեցնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը ե՛ւ մարդու, ե՛ւ նրա շրջապատի համար: Այս մասին հայտնում են ինչպես ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները, այնպես էլ նորվեգացի բուժաշխատողները:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ գիտնականները ստուգել են դիմակներ կրելու մի քանի տարբերակներ եւ այն, թե որքանով են դրանք արդյունավետ պահում վիրուսային մասնիկները հազալիս: Այսպես, նրանք գնահատել են այնպիսի համադրություններ, ինչպիսիք են՝ մեկ եռաշերտ բժշկական դիմակը, մեկ եռաշերտ գործվածքից դիմակը եւ եռաշերտ գործվածքից դիմակը, որը ծածկում է բժշկական դիմակը: Բացի այդ, պարզվել է շնչառության ընթացքում արտանետված աերոզոլները պահելու արդյունավետությունը, եւ ստուգվել են այնպիսի կազմաձեւեր, ինչպիսիք են կրկնակի դիմակը կամ ականջների համար կապած օղակներով դիմակը:
Հազի եւ շնչառության իմիտացիայի համար օգտագործվել են գլխի էլաստոմերային ձեւերը, որոնք աերոզոլային մասնիկների եւ դրանց փոխարինողի դեր են կատարել: Մի գլուխը հագեցած է եղել ծխամորճով, որի միջոցով աերոզոլներ են արտանետվել: Դիմակի կրման յուրաքանչյուր տարբերակի համար կատարվել է երեք 15 րոպեանոց վազք:
Ինչպես պարզվել է, մեկ բժշկական դիմակը` առանց կապված օղակների, արգելափակել է աերոզոլի մասնիկների 42%-ը, իսկ մեկ գործվածքից դիմակը` 44,3%-ը: Գործվածքից դիմակի համադրությունը, որը ծածկել է բժշկական դիմակը (կրկնակի դիմակ), արգելափակել է մասնիկների 92,5%-ը: Երկրորդ փորձի ընթացքում կրկնակի դիմակը 82,2%-ով, իսկ կապված օղակներով դիմակը 69,2%-ով նվազեցրել է ազդեցությունը կողքին կանգնած առանց դիմակի մարդու վրա:
Եթե աղբյուրը դիմակ չի կրել, իսկ ազդեցության ենթարկվող մարդը կրել է կրկնակի դիմակ, ապա այդ համադրությունը ապահովել է 83% պաշտպանություն: Կապված օղակների դեպքում ազդեցությունը նվազեցվել է 64,5%-ով: Եթե երկուսն էլ կրել են կրկնակի դիմակ կամ կապված օղակներով դիմակ, ապա պաշտպանությունը հասել է համապատասխանաբար 96,4-ի եւ 95,9%-ի։
Միանգամից երկու դիմակ կրելու խորհրդատվությամբ վերջերս հանդես են եկել նաեւ նորվեգական առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ մեկ դիմակը առավել հաճախ ոչ հերմետիկ է փակում դեմքը, ուստի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շարունակում է մնալ բարձր:






