Իսրայելում, որտեղ բնակչությունն ակտիվորեն պատվաստվում է կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech դեղամիջոցով, COVID-19-ի ախտանշանային դեպքերի թիվը նվազել է 94 տոկոսով:
Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտության տվյալները հայտնել է Իսրայելում բժշկական ծառայություններ մատուցող խոշորագույն Clalit ընկերությունը: Հետազտությանը մասնակցել է պատվաստանյութ ստացած 600.000 հիվանդ, որոնցից 430.000-ը 16-ից 59 տարեկան քաղաքացիներ էին, եւս 170,000-ը` 60 տարեկան եւ ավելի բարձր:
Պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած մարդկանց շրջանում COVID-19-ով վարակվելիս ախտանիշները 94 տոկոսով հազվադեպ են զարգանում`չպատվաստված հիվանդների համեմատ: Իսկ պատվաստվածների շրջանում վարակի ծանր դեպքերը նվազել են 92 տոկոսով: Clalit-ի մասնագետները նշում են, որ պատվաստանյութն արդյունավետ է բոլոր տարիքային խմբերի համար, այդ թվում` 70 տարեկանից բարձր հիվանդների:
«Այս տվյալները հստակ ցույց են տալիս, որ կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը ծայրաստիճան արդյունավետ է երկրորդ դեղաչափից մեկ շաբաթ անց, ինչպես հաստատվել էր մեր կլինիկական հետազոտությունների ընթացքում»,- Reuters-ը մեջբերում է Clalit-ի նորարարությունների մասով գլխավոր տնօրեն Ռան Բալիցերին:






