Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է Չարլզ Բոննեի համախտանիշով պացիենտների ախտանիշների վատթարացմանը, որի դեպքում տեսողությունը կորցրած մարդկանց մոտ լինում են տեսողական հալյուցինացիաներ: Այսպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:

BMJ Open Ophthalmology-ում հրապարակված հետազոտությանը մասնակցել են Մուրֆիլդսի ակնաբուժական կլինիկայի 45 պացիենտներ: Նրանց կեսից ավելիի մոտ ախտանիշների կտրուկ վատթարացում է նկատվել:

Արդյունքներն ընդգծում են, որ սոցիալական մեկուսացումը, միայնակությունը, ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ լրատվամիջոցների տագնապալի լուրերի ազդեցությունը ավելի ու ավելի են խորացրել եւ ուժեղացրել տեսողական հալյուցինացիաները ուսումնասիրված պացիենտների 56%-ի մոտ:

«Ես նախքան COVID-ը փորձում էի բարձրացնել իրազեկվածությունը այդ վիճակի մասին, դա կարող է առնչվել տեսողության կորուստ ունեցող ցանկացած մարդու՝ փոքր երեխաներից մինչեւ տարեց մարդիկ: Այժմ մենք ունենք ապացույցներ, որ սոցիալական մեկուսացումն արագացնում է տեսողության խանգարման վախենալի բարդությունը»,- ասել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Մարիա Մուսաջին: