COVID-19-ի ծանր ընթացքով եւ տրոպոնին սպիտակուցի բարձր մակարդակով հոսպիտալացված պացիենտների մոտ կեսը սրտի վնասվածքներ ունեն: Այս մասին հաղորդվում է Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է European Heart Journal ամսագրում:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են կորոնավիրուսային ինֆեկցիայից ապաքինված խմբերի վիճակը, հայտնում է MedicalXpress-ը: Նրանք, ում մոտ դիտվել է տրոպոնինի անոմալ բարձր մակարդակ, անցել են սրտի ՄՌՏ: Ստացած տվյալները համեմատել են ստուգիչ խմբից պացիենտների հետ, որոնց մոտ COVID-19 չի եղել, ինչպես նաեւ 40 առողջ կամավորների հետ:
Պարզվել է, որ ծանր ընթացքով պացիենտների մոտ հաճախ սրտամկանի վնասվածքներ են հայտնաբերել, որոնք հնարավոր է եղել պատկերներում տարբերակել դուրս գրվելուց հետո միայն 1-2 ամիս անց: Հատկանշական է, որ սրտի վնասվածքների բնույթը միատեսակ չի եղել, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը սիրտ-անոթային համակարգի վրա տարբեր ազդեցություններ է ունենում:
Ձախ փորոքի ֆունկցիան, որը պատասխանատու է մարմնի բոլոր մասերին թթվածնով հագեցած արյան մղման համար, նորմալ է եղել 148 պացիենտներից 89 տոկոսի մոտ, չնայած սպիներ կամ սրտամկանի այլ վնասվածքներ եղել են 80 պացիենտի մոտ (54 տոկոս): Սպիների եւ վնասվածքների առաջացման պատճառը կա՛մ բորոբոքումն էր՝ 39 պացիենտի մոտ (26 տոկոս), կա՛մ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 32 պացիենտի մոտ (22 տոկոս), կա՛մ երկու գործոնն էլ՝ 9 պացիենտի մոտ (6 տոկոս): 12 պացիենտի մոտ (8 տոկոս) բորբոքային պրոցեսները դեռ շարունակվում էին:
Գիտնականների խոսքով՝ որոշ դեպքերում վնասվածքները կարող են զգալիորեն մեծացնել ապագայում սրտի անբավարարության հավանականությունը:






