Գիտնականները ուշադրություն են դարձրել մի հետաքրքիր փաստի վրա՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում այն մարդկանց թիվը, որոնց մոտ ՄԻԱՎ վարակը չի զարգանում, 3-4 անգամ ավելի է, քան մնացած աշխարհում: Այս մասին հետազոտությունը հրապարակվել է EBioMedicine-ում:
Ինչպես պատմում է Medportal.ru-ն, վարակի նկատմամբ նման դիմադրության պատճառները հասկանալը կարող է արագացնել պատվաստանյութերի եւ նոր դեղամիջոցների ստեղծմանը։
Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակված մարդիկ առանց բուժման սովորաբար ապրում են մոտ 10 տարի: Նրանց կյանքը երկարացնելու եւ ՁԻԱՀ-ը կանխելու համար անհրաժեշտ է հակառետրովիրուսային թերապիա: Սակայն որոշ մարդկանց՝ վարակվածների գրեթե 1%-ի մոտ, հիվանդությունը զարգանում է շատ դանդաղ: Նման մարդկանց մոտ նշմարվում են ՄԻԱՎ-ի դեմ հակամարմիններ, բայց արյան մեջ առկա վիրուսը գրեթե անհնար է հայտնաբերել: Նման մարդկանց անվանում են ՄԻԱՎ-ի էլիտար վերահսկողներ:
Նոր միջազգային ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԻԱՎ-ի էլիտար վերահսկողների մասնաբաժինն անսովոր բարձր է` տատանվում է 2,7% - 4,3% միջեւ:
Հետազոտության ընթացքում գիտնականները աշխատել են արյան պլազմայի նմուշների հետ, որոնք 1987 թվականից հավաքվել են Կոնգոյի 10 457 պացիենտներից: Նրանք ՄԻԱՎ-ը եւ դրա հակամարմինները որոշելու անալիզներ են արել: Գիտական աշխատանքի հեղինակները «առանձնացրել են» կեղծ դրական արդյունքները, բացառել են բուժում ստացող մարդկանց, հաշվի են առել այլ պատճառներ, թե ինչու վիրուսը չի կարող հայտնաբերվել վարակված մարդկանց արյան մեջ:
Ըստ մասնագետների՝ ԿԴՀ-ն մի տարածք է, որտեղ ՄԻԱՎ-ը շրջանառվում է արդեն մի քանի տասնամյակ, եւ այնտեղ հայտնաբերվել են վիրուսի ամենահին շտամերը: Թերեւս սա էլիտար վերահսկողների անսովոր թվի այնտեղ հայտնվելու պատճառներից մեկն է: Նրանք նաեւ ենթադրում են, որ ՄԻԱՎ-ի հանդեպ կայուն մարդկանց մեծ մասը կարող էր Կոնգոյում հայտնվել կապված այն բանի հետ, որ երկրում երկար ժամանակ բուժում չի եղել: Նրանք, ովքեր սովորական զգայունություն են ունեցել վարակի հանդեպ, մահացել են, ինչի հաշվին աճել է էլիտար վերահսկողների տոկոսը:






