Դիֆթերիան` վարակիչ հիվանդություն, որը բավականին հեշտ է կանխել, վերադառնում է` դիմադրողականություն ձեռք բերելով մի շարք հակաբիոտիկների նկատմամբ: Քեմբրիջի համալսարանի գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսի ազդեցությունը դիֆթերիայի պատվաստումների գրաֆիկի վրա վարակման դեպքերի թվի աճին զուգահեռ կարող է հիվանդությունը լուրջ գլոբալ սպառնալիքի վերածել:
Շատ երկրներում երեխաները պատվաստվում են դիֆթերիայի դեմ: Սակայն ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում հիվանդությունը կարող է սպորադիկ վարակների կամ բռնկումների պատճառ դառնալ չպատվաստված եւ մասամբ պատվաստված համայնքներում:
Դիֆթերիայի դեպքերի թիվն ամբողջ աշխարհում աստիճանաբար աճում է: 2018-ին գրանցվել է 16 651 դեպք, ինչը կրկնակի ավել է 1996-2017 թվականների գրանցված տարեկան միջին ցուցանիշից (8 105 դեպք):
Դիֆթերիայի կրողը Corynebacterium diphtheria մանրէն է, որը տարածվում է հիմնականում հազի եւ փռշտոցի կամ վարակված անձի հետ սերտ շփման միջոցով: Շատ դեպքերում մանրէները դիֆթերիայի տոքսինի` պատվաստանյութի հիմնական թիրախի հետեւանքով առաջացած սուր վարակներ են առաջացնում: Սակայն ոչ տոքսիգենային C. դիֆթերիան կարող է նաեւ հաճախ համակարգային ինֆեկցիաների տեսքով հիվանդություն առաջացնել:
Այսօր Nature Communications-ում հրապարակված հետազոտության մեջ հետազոտողների միջազգային խումբը Մեծ Բրիտանիայից եւ Հնդկաստանից ինֆեկցիաների քարտեզագրման համար օգտագործել է գենոմիկան, այդ թվում` ենթախումբը Հնդկաստանից, որտեղ եւ 2018 թվականին տեղի ունեցել աշխարհում գրանցված դեպքերի կեսից ավելին:
«Դիֆթերիայի դեմ պատվաստանյութը նախատեսված է տոքսինի չեզոքացման համար, ուստի ցանկացած գենետիկ տարբերակ, որը փոխում է տոքսինի կառուցվածքը, կարող է ազդել պատվաստանյութի արդյունավետության վրա: Չնայած մեր տվյալները չեն ենթադրում, որ ներկայումս օգտագործվող պատվաստանյութն անարդյունավետ կլինի, այն փաստը, որ մենք տոքսինների անընդհատ փոփոխվող տեսակներ են տեսնում, վկայում է, որ պատվաստանյութը եւ տոքսինին ուղղված բուժումները պետք է պարբերաբար գնահատվեն»,- ասել է պրոֆեսոր Գորդոն Դուգանը Քեմբրիջի թերապեւտիկ իմունաբանության եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտից (CITIID):
Սովորաբար դիֆթերիան բուժվում է հակաբիոտիկների մի քանի դասերով: Չնայած հաղորդվել էր C. diphtheriae-ի` հակաբիոտիկների նկատմամբ կայունության մասին, այդ դիմադրության աստիճանը դեռ անհայտ է մնում:






