Ուռուցքային հիվանդություններով պացիենտների ավելի քան կեսը կորոնավիրուսի դեմ պաշտպանություն չի ստանում Pfizer ընկերության պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո: Ուստի փորձագետները եւ բարեգործական միությունները բրիտանական կառավարությանը կոչ են անում հրաժարվել առաջին եւ երկրորդ ներարկումների միջեւ 12-շաբաթյա ընդմիջումից, հայտնում է The Daily Mail-ը:
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունը՝ 150 մարդու մասնակցությամբ, ցույց է տվել, որ պատվաստանյութի մեկ ներարկումը հակամարմինների արտադրումը խթանում է կրծքագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղի նման կարծր ուռուցքներով հիվանդների ընդամենը 39 տոկոսի մոտ, եւ սա տեղի է ունենում 3 շաբաթ հետո:
Մեկ դեղաչափը է՛լ ավելի պակաս արդյունավետ է արյան եւ ոսկրածուծի չարորակ նորագոյացություններով պացիենտների շրջանում: Նրանցից միայն 13 տոկոսի մոտ է տեղի ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարող սպիտակուցի արտադրում: Համեմատության համար՝ քաղցկեղ չունեցող մարդկանց մոտ պատվաստանյութը այս սպիտակուցների արտադրում է առաջացրել 97 տոկոս դեպքերում: Եթե ուռուցքներով պացիենտները 21 օր հետո ստանում էին երկրորդ ներարկումը, ապա արտադրվող հակամարմինների պաշտպանական մակարդակն աճում էր ավելի քան 2 անգամ՝ մինչեւ 95 տոկոս:
Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը չստացածների շրջանում 3 շաբաթ հետո ոչ մի բարելավում չէր նկատվում: Ընդ որում՝ իմունիտետի նշաններ պահպանվել են պացիենտների միայն 8-43 տոկոսի մոտ: Սրա հետ կապված ուռուցքաբանները եւ քաղցկեղով պացիենտների օգնության բարեգործական հիմնադրամները բրիտանական կառավարությանը կոչ են անում երկրում 2 մլն քաղցկեղով հիվանդներին պատվաստանյութի երկրորդ դեղաչափը տրամադրել հնարավորինս արագ, քան հիմա նախատեսվում է պատվաստման ուղեցույցներով:






