Կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի մասնակիցներն արդեն  երկրորդ բաց նամակն են գրում Ռուսաստանի առողջապահության նախարարությանը, որում առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին խնդրում են հետազոտվող դեղամիջոցի իմունածնության ուսումնասիրություն կազմակերպել «Ռոսպոտրեբնադզորից» անկախ: Կամավորների խոսքով՝ արդեն նվազագույնը 18 պատվաստված հիվանդացել է COVID-19-ով, ընդ որում՝ ոմանք ծանր ձեւով, թոքերի ընդարձակ ախտահարմամբ:

Կլինիկական հետազոտությունների եզրափակիչ փուլի 120 մասնակիցներ հակամարմինների ստուգման անալիզ են հանձնել «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարած թեստ համակարգի միջոցով, հայտնում է Medportal.ru-ն: 30 տոկոսի մոտ արդյունքները բացասական էին, ինչը նշանակում է, որ պատվաստվածների նվազագույնը երրորդ մասը իմունային պաշտպանություն է ստացել:

Կամավորները կազմակերպել են կորոնավիրուսը չեզոքացնելու պատվաստանյութի ունակության սեփական հետազոտություն: Ռուսաստանի Բժշկական գիտությունների կադեմիայի Սիբիրի բաժանմունքի Կլինիկական իմունաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Միչիգանի համալսարանի ասոցացված պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը անցկացրել է պատվաստվածների արյան շիճուկների նմուշի անալիզ: Ինչպես պարզվել է փորձի ժամանակ, «ԷպիՎակԿորոնայով» պատվաստված պացիենտների պլազմայի նմուշներից ոչ մեկը չի կարողացել չեզոքացնել SARS-CoV-2-ը: Կամավորներին նույնպիսի արդյունքների մասին են հայտնել նաեւ այլ չներկայացած լաբորատորիաներ:

Կամավորների մտավախությունները հաստատում են պատվաստվածների շրջանում COVID-19 հիանդության 18 դեպքերը: Մի քանիսի մոտ հիվանդությունը զարգացել է ծանր ձեւով, եւ նրանք հոսպիտալացվելու կարիք են ունեցել:

Կամավորները Միխայիլ Մուրաշկոյին խնդրել են «Ռոսպոտրեբնադզորից» անկախ ուսումնասիրություն անցկացնել, քանի որ «Վեկտոր» գիտական կենտրոնը գերատեսչության վերահսկողության տակ է: