Կանադացի գիտնականները ԱՄՆ-ում ջրաքիսների մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսի գենի հաջորդականությունների երկու նոր տարբերակ են հայտնաբերել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են medRxiv սերվերում:

Երկու մուտացիայով (N501T-G142D) եւ երեք մուտացիայով (N501T-G142D-F486L) տարբերակներ են հայտնաբերվել SARS-CoV-2-ի սեպ-սպիտակուցում՝ հիմնական կառույց, որը վիրուսն օգտագործում է բջիջներին կապվելու ու վարակելու համար, հայտնում է News-medical.net-ը: Այս երկու տարբերակները չեն հայտնաբերվել մյուս երկրներում ջրաքիսներից վերցված SARS-CoV-2-ի գենի հաջորդականություններում:

Օնտարիոյի Գվելֆի համալսարանից Հյու Կայը եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանից Էլիսոն Կայը հայտնել են, որ իրենց հետազոտության համաձայն՝ այս տարբերակները էվոլյուցիայի են ենթարկվել մարդուն վարակելու ժամանակ՝ նախքան ջրաքիսների պոպուլյացիայի շրջանում տարածվելը:

Գիտնականները նշում են, որ չափազանց կարեւոր է ի հայտ եկող նոր տարբերակներին հետեւելը, որպեսզի որոշվի դրանց ազդեցությունը մարդու եւ կենդանիների առողջության վրա: