Քրոնիկ վիրուսային ինֆեկցիաները, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը կամ հեպատիտ C-ն, խորը եւ երկարատեւ ազդեցություն են ունենում մարդու իմունային համակարգի վրա: Այս ազդեցությունը կարելի է համեմատել ծերացման գործընթացի հետ, կարծում են Բաքի ինստիտուտի եւ Սթենֆորդի համալսարանի գիտնականները:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, գիտնականների կարծիքով, իմունային ֆունկցիայի խանգարումը պահպանվում է նույնիսկ վիրուսի թուլացումից կամ օրգանիզմից վիրուսի հեռացումից հետո:
Հետազոտության հեղինակները համեմատել են իմունային պատասխանները տարեցների եւ ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ C-ով տառապող մարդկանց մոտ, որոնք երկարատեւ հակավիրուսային թերապիա են ստացել: Չնայած հակավիրուսային դեղամիջոցների արդյունավետությունը հասնում է 97%-ի, նրանց մոտ իմունային համակարգի փոփոխություններ են արձանագրվել, որոնք բնորոշ են տարեցներին: Մասնավորապես, նկատվել է հիշողության T-բջիջների քանակի աճ` ազդարարելով բջիջների բորբոքային ուղիների մասին, ցիտոկինների նկատմամբ լիմֆոցիտների եւ միելոիդային բջիջների զգայունության նվազում:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ունի քրոնիկ վիրուսային վարակների յուրահատուկ շարք: Մարդիկ միջին հաշվով վարակվում են 12-15 կամ նույնիսկ ավելի շատ վիրուսներով: Ավելին, վիրուսային վարակը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ: Բարեբախտաբար, իմունային համակարգը ճկուն է, ինչը թույլ է տալիս նրան հարմարվել վիրուսների հարեւանությանը եւ համապատասխանեցնել իր աշխատանքը:






