Բոթսվանան հետաքննում է երկու պացիենտների մահը՝ կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ երկու մահացածներն էլ տարեց մարդիկ են: Բոթսվանայի առողջապահության նախարարությունը հանձնարարել է երկրի բժշկական կարգավորող մարմնին հետաքննել նրանց մահվան պատճառները:
Մարտի վերջից Բոթսվանան պատվաստումներ է կատարում Հնդկաստանում արտադրված AstraZeneca-ով: Մինչ օրս պատվաստվել է ավելի քան 31 000 մարդ:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստումը՝ պատվաստվածների շրջանում հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդությունների մասին մի շարք հաղորդումների պատճառով: Առաջին հաղորդագրությունները եկել են Ավստրիայից, որտեղ մեկ հիվանդ մահացել է պատվաստումից տասն օր անց, իսկ մյուսը շտապ հոսպիտալացվել է թոքային արտերիայի թրոմբոէմբոլիայով:
EMA-ն hետաքննությունից հետո հայտարարել է, որ պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ է, իսկ դրա կիրառման առավելությունները գերակշռում են ռիսկերը: AstraZeneca-ն ինքը թարմացրել է կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործման ցուցումներում տեղեկատվությունը` մատնանշելով հնարավոր բարդությունները: Մարտի 18-ին Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների եւ բժշկական նշանակության ապրանքների վարչությունը (MHRA) հերքել էր, որ պատվաստանյութը նման արձագանք է առաջացրել` նշելով, որ առաջատար փորձագետները չեն գտել այդ կապի ապացույցներ:
Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է AstraZeneca-ով պատվաստումը շարունակելու անհրաժեշտության մասին` նշելով, որ երակային թրոմբոէմբոլիզմը աշխարհում ամենատարածված սրտանոթային հիվանդություններից մեկն է:






