Հաճախ ենք լսում, թե ֆիզիկական վարժությունները օգտակար են առողջության համար եւ կարող են տարատեսակ հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի միջոց ծառայել: Սակայն, ինչպես ԱՄՆ-ում գործող Lawrence Berkeley ազգային լաբորատորիայի փորձագետներն են պարզել, դրանք եւս իրենց օգտակարության շեմն ունեն, որից վեր պաշտպանական էֆեկտի կորուստ եւ առողջության համար բացասական հետեւանքների սպառնալիք է խոյանում: Խոսքը, մասնավորապես, սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունեցող մարդկանց է վերաբերում, հաղորդում է Daily Mail-ը:

Սրտի կաթված տարած 2400 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ վազքով շաբաթական 45 կմ-ից կամ քայլքով՝ 70 կմ-ից քիչ տարածք հատած հիվանդների մոտ կաթվածի կրկնության 65 տոկոսով ցածր հավանականություն է գործում: Մինչդեռ նրանք, որոնց վազքի օրական երկարությունը 7 կմ-ից, կամ քայլքինը՝ 10 կմ-ից ավել է կազմել, սրտի կաթվածից մահացության ամենառիսկային խմբում են գտնվում: 

Տվյալների արտածման պարագայում ստացվում է, որ առողջ մարդկանց պարագայում էլ 20-ից 1-ը ֆիզիկական վարժությունների՝ վաղ մահացության ռիսկի նշանակալի խթանում ենթադրող չարաշահման է դիմում:  

Բացի այդ, հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ սրտի առողջության պահպանման տեսանկյունից վազքն ու քայլը նույն արդյունավետությունն են ապահովում, պարզապես հարկավոր է հիշել, որ նույն ծավալի կալորիաները վազելիս գրեթե երկու անգամ արագ են այրվում:

Ընդհանուր առմամբ, գիտնականները վազքի օգտակարության առավելագույն շաբաթական շեմը 45 կմ են գնահատել:

Այդուհանդերձ, հարկ է հիշեցնել, որ հետազոտությունը միայն սրտի կաթվածի ենթարկված հիվանդների շրջանում է իրականացվել, եւ ոչ մի ապացույց չկա, որ ձեռք բերված տվյալների՝ բոլոր մարդկանց նկատմամբ արտածման մեթոդը կարելի է ճշգրիտ համարել: Թեւեւ միանշանակ պարզ է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց պարագայում վերոհիշյալ տվյալները ներկայացուցչական են: Ասել է, թե՝ նրանց համար 45 կմ-ի շեմը արդիական է համարվում:

Միեւնույն ժամանակ, ինչպես իսպանացի գիտնականներն են պարզել, էլիտար մարզիկները մահացության ցածր ցուցանիշներով են աչքի ընկնում: 42 հազար հանրահայտ՝ օլիմպիական խաղերի մակարդակի մարզիկների, մասնավորապես՝ ֆուտբոլիստների եւ Tour de France-ի մասնակիցների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ, հատկապես տղամարդկանց պարագայում, էլիտար մարզիկների կյանքի երկարակեցություն կարելի է արձանագրել, ինչը հակասելու է գալիս վերը նկարագրված համոզմունքին, թե սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանը միայն չափավոր ֆիզիկական վարժությունների արդյունքում կարելի է հասնել: