Պոլիմերային նանոհյուսվածքներից պատրաստված զտիչը, որն ստեղծել են Ռիվերսայդի Կալիֆոռնիական համալսարանի եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մասնագետները, կարող է որսալ կորոնավիրուս պարունակող աերոզոլների 99 տոկոսը։

Ինչպես տեղեկացնում է Eurek Alert-ը, փորձի շրջանակում գիտնականները համեմատել են, թե որքան արդյունավետ են զտում կորոնավիրուս պարունակող աերոզոլները վիրաբուժական եւ բամբակե դիմակները, բաֆֆիները (խողովակ) եւ նանոհյուսվածքից պատրաստված մեմբրանները՝ ստացված էլեկտրասփինինգի մեթոդով։

Պարզվել է, որ բամբակե դիմակը եւ բաֆֆիները որսացել են աերոզոլների մոտ 45-73 տոկոսը։ Վիրաբուժական դիմակը շնչվող օդից հեռացրել է կորոնավիրուսի աերոզոլների 98 տոկոսը, բայց նանոհյուսվածքից պատրաստված զտիչը հեռացրել է դրանք գրեթե 100 տոկոսով։

Հայտնի է, որ զտիչն ստանալու համար օգտագործվել է էլեկտրասփինինգի տեխնոլոգիան։ Պոլիմերային լուծույթի էլեկտրականացված շթի վրա էլեկտրաստատիկ ուժերի ազդեցության տակ ստացվում են մի քանի հարյուր նանոմետր տրամագծով պոլիմերային հյուսվածքներ։ Այս պարագայում հյուսվածքների տրամագիծը կազմել է  մոտ 300 նանոմետր (մարդկային մազից 167 անգամ բարակ)։

Նանոհյուսվածքների մակերեսին ձեւավորվել են անցքեր մեկ-երկու միկրոմետր տրամագծով, ինչն օգնել է նրանց որսալ կորոնավիրուսի աերոզոլների 99,9 տոկոսը։ Այս փաստը հեշտացրել է շնչելը նանոհյուսվածքից պատրաստված զտիչի օգնությամբ։ Գումարած՝ աերոզելների որսման ցուցանիշներն ավելանում են ի հաշիվ այն բանի, որ մեթոդը նանոհյուսվածքների վրա էլեկտրաստատիկ լիցք է թողնում։