Կորոնավիրուսի՝ մինչ այժմ գիտությանն անհայտ տեսակի գոյությունը, որը կարող էր թոքաբորբի բռնկում առաջ բերած լինել մի քանի տարի առաջ, միանգամայն հավանական է, հավաստիացնում են ԱՄՆ գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Science ամսագիրը, գիտնականները՝ Անաստասիա Վլասովայի գլխավորությամբ (Օհայոյի պետական համալսարան), նշում են, որ ներկա պահին հայտնի է կորոնավիրուսի 7 տեսակ։ Նոր տեսակը, որի մասին խոսվում է, կարող էր թոքաբորբ առաջ բերել Մալայզիայում 2017-2018թթ.։ Այդ ժամանակաընթացքում գրանցվել է հիվանդության 7 դեպք երեխաների շրջանում։

Ուսումնասիրված վիրուսների գենոմների նմանությունները հիմք են տալիս ենթադրելու, որ երեխաները կարող էին վիրուսով վարակվել շներից։ Ընդ որում՝ գիտնականներն այս հարցում առայժմ չեն եկել վերջնական եզրակացության, քանի որ համոզված չեն, որ կորոնավիրուսի իրենց ուսումնասիրած տեսակն իսկապես կապ ունի հիշատակված դեպքերի հետ։ Բացի այդ, ներկա պահին նրանց հաջողվել է հասնել ուսումնասիրվող կորոնավիրուսի գոյատեւմանը շների, այլ ոչ թե մարդու բջիջներում։

Նման հետազոտություններ իրականացնում են Ֆլորիդայի համալսարանի գիտնականները. հետազոտողները տեսություն են առաջադրել, թե Հաիթիում 2014-15թթ. գրանցված թոքաբորբի բռնկումը կարող էր մարդկանց փոխանցվել խոզերից, որոնց մոտ մինչ այդ հայտնաբերվել էր ուսումնասիրվող կորոնավիրուսը։ Սակայն այս դեպքում եւս մասնագետները դժվարանում են պատասխանել խոզերի պոպուլյացիայից դուրս սույն վիրուսի գոյատեւման հնարավորության մասին հարցին։

Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսի երկու տեսակը կարող են վտանգ ներկայացնել մուտացիայի ենթարկվելու կարողության պատճառով։ Նրանց կարծիքով՝ անգամ տեսկանորեն հնարավոր սպառնալիքն արդեն բավականաչափ հիմք է տալիս խոցելի տեսակների շրջանում պատվաստում իրականացնելու համար։