Պաշտպանության պարզ միջոցներն իսկապես կարող են արդյունավետորեն դիմակայել կորոնավիրուսի փոխանցմանը սովորական պայմաններում, բայց հիվանդանոցներում եւ մարդկանց բազմությամբ փակ տարածքներում հարկ է կրել N95/FFP2 դասի ռեսպիրատորներ։ Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները Մաքս Պլանկի ընկերության Քիմիայի ինստիտուտից։ Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են Science առաջատար գիտական ամսագրում։

Գիտնականների խումբը ստեղծել է քանակական մոդել, որը նկարագրում է մարդկանց վրա օդում պարունակվող վիրուսի ազդեցության աստիճանը եւ հիմնված է փակ տարածքում եւ բաց հարթակներում վիրուսային մասնիկների խտության չափումների վրա։ Մարդիկ ավելի հաճախ գտնվում են վիրուսի ցածր խտության պայմաններում, միայն արտաշնչվող վարակված օդի ոչ մեծ մասն է պարունակում վիրուսներ, եւ սովորական բժշկական դիմակները հաջողությամբ պայքարում են վարակվելու դեմ։

Դիմակների արդյունավետության կախվածությունը օդում վիրուսի խտությունից բացատրում է, թե ինչու որոշ պայմաններում բժշկական դիմակներն ապահովում են 70 տոկոս պաշտպանություն վիրուսից, իսկ այլ պայմաններում դրանց արդյունավետությունն իջնում է մինչեւ 30 տոկոս։ Ընդ որում՝ N95/FFP2 դասի ռեսպիրատորները մինչեւ 5 տոկոս նվազեցնում են վիրուսների օրգանիզմ թափանցելու հավանականությունը։

Գիտնականների խոսքով՝ համավարակի դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է, որպեսզի վիրուսի վերարտադրման գործակիցը նվազի երեքից (մեկ վարակվածը կարող է վարակել երեք առողջ մարդու) մինչեւ մեկից էլ փոքր (մեկ վարակվածին բաժին է ընկնում մի քանի կրող)։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի վիրաբուժական դիմակները ճիշտ կրի բնակչության 60-70, իսկ ռեսպիրատորների դեպքում՝ 40 տոկոսը։ Կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամների համար, որոնք ավելի հեշտ են փոխանցվում մարդուց մարդուն, դիմակներ կրելու ռեժիմը պահելու մակարդակը պետք է ավելի բարձր լինի։