Գիտնականները վաղուց նկատել են, որ 2-րդ տիպի շաքարախտով հիվանդները, ովքեր նաեւ ասթմայով են տառապում, օգուտ են ստանում GLP-1 ռեցեպտորների ագոնիստներից: Այս դեղամիջոցներն արդեն գրանցված են որպես ճարպակալման դեմ միջոցներ եւ օգնում են ենթաստամոքսային գեղձին ավելի շատ ինսուլին արտադրել: Վերջերս ավելի հաճախ է խոսվում GLP-1 ռեցեպտորների ագոնիստի մասին` որպես միջոց, որը նվազեցնում է ասթմայի եւ թոքերի ու շնչուղիների բորբոքման ախտանիշների դրսեւորումը:
Medical Express-ը հայտնում է, որ Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի, Բրիգամի անվան կանանց առողջության կենտրոնի, Հարվարդի բժշկական դպրոցի եւ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները վերլուծել են ասթմայով եւ 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների տվյալները, որոնք սկսել են GLP-1R ագոնիստներ ընդունել: Արդյունքում այս խմբի շրջանում գիտնականները հայտնաբերել են ասթմայի սրացման ավելի ցածր ցուցանիշներ եւ ասթմայի ախտանիշների նվազում` համեմատած նրանց հետ, ովքեր բուժվել են այլ դեղամիջոցներով:
Նախկինում ցույց են տվել, որ GLP-1R ագոնիստները նվազեցնում են շնչուղիների ալերգիկ եւ վիրուսային բորբոքումները: Իսկ ասթմայի նախաբժշկական մոդելներն ապացուցում են, որ դեղերի այս դասը նվազեցնում է թոքերի բորբոքումը` միեւնույն ժամանակ նվազեցնելով ալերգենների եւ վիրուսների նկատմամբ ռեակցիաների սրությունը: Մոտ ապագայում գիտնականները նախատեսում են հետազոտություն անցկացնել շաքարախտ չունեցող ասթմատիկ հիվանդների շրջանում:






