Ըստ ստոմատոլոգների ամերիկյան ասոցիացիայի (ADA) հետազոտության` ատամնաբույժներն ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, քան մյուս բժիշկները:
Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 2200 մասնագետների տվյալներ, իսկ 2020-ի նոյեմբերի դրությամբ կորոնավիրուսը հաստատվել է միայն 57 մասնակցի մոտ, նրանցից միայն 23-ն են վարակվել ատամնաբուժական պրոցեդուրաների ընթացքում: Կորոնավիրուսի տարածվածության կումուլյատիվ մակարդակը ատամնաբույժների շրջանում 2.6 տոկոս է կազմել, իսկ COVID-19-ով վարակվածության հաճախականության տեմպերը յուրաքանչյուր շաբաթ տատանվել են 0.2 տոկոսից 1.1 տոոսի միջեւ: Վեց ամսվա ընթացքում միջին ցուցանիշը 0.5 տոկոս է կազմել: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգների բոլոր մասնագիտացումների բժիշկների եւ բուժքույրերի ազգային հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ի տարածվածության մակարդակը 29 տոկոս է:
Հետազոտության հեղինակների կարծիքով` ատամնաբույժների շրջանում կորոնավիրուսի ցածր տարածվածության պատճառը վարակի վերահսկողության բարձր մակարդակն է, որը կիրառվել է դեռ համավարակից առաջ: Սովորաբար ատամնաբուժական կաբինետները հագեցած են բարձրորակ օդափոխման եւ ախտահանման համակարգերով: Դա հաստատվում է հարցման արդյունքներով. ատամնաբույժների 99.7 տոկոսը հայտնել է, որ ուժեղացված միջոցներ է ձեռնարկում SARS-Cov-2-ի կանխարգելման համար:






