Կորոնավիրուսային վարակը կարող է հանգեցնել երկարատեւ հետեւանքների առողջության համար, եւ ամեն օր ասվածի նորանոր հավաստիացումներ են հայտնվում։ Համաձայն Radiology ամսագրում հրապարակված նոր հետազոտության՝ սուր COVID-19-ով վարակումից անգամ կես տարի անց թթվածնի յուրացումը թոքերում կարող է խախտված մնալ։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, այսպես կոչված հետքովիդային սինդրոմի (երկար քովիդ) ամենատարածված ախտանշաններից են շնչարգելությունը եւ հոգնածությունը։ Այս խնդիրները կարող են պահպանվել երկար ամիսներ COVID-19-ից բուժվելուց հետո։ Բայց խնդիրն այն է, որ բուժզննման սովորական մեթոդները (ներառյալ համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները) հաճախ չեն հայտնաբերում թոքերի աշխատանքի փոփոխությունները։ Այդ ախտանշանների պատճառները մինչեւ այժմ հիմնականում հանելուկ են մնում։

Նոր հետազոտությանը մասնակցել է հոսպիտալացումից հետո մոտ կես տարվա ընթացքում հետքովիդային սինդրոմով տառապող 9 պացիենտ։ Համակարգչային տոմոգրաֆիան  թոքերում փոփոխություններ չի բացահայտել, բայց նրանց շարունակում էին անհանգստացնել շնչարգելությունն ու հոգնածությունը։ Գիտնականները նրանց զննել են նորագույն մեթոդի՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ՝ օգտագործելով հիպերբեւեռայնացված քսենոն (ՄՌՏ 129Xe)։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս մինչ այժմ հետազոտողներին անհայտ մանրամասներ պարզել թոքերի գործառույթի մասին։

«ՄՌՏ 129Xe-ն ցույց է տալիս թոքերի այն հատվածները, որոնցում թթվածնի ընդգրկման ֆիզիոլոգիան խախտված է COVID-19-ի երկարատեւ էֆեկտների պատճառով, անգամ եթե դրանք նորմալ են երեւում համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ»,- նշել է Ջիմ Ուայլդը Շեֆիլդի համալսարանից։

ՄՌՏ 129Xe-ով ստացված պատկերներում գիտնականները հայտնաբերել են խախտումներ, որոնք անտեսանելի էին այլ մեթոդներով զննման ժամանակ։ Ինը պացիենտների թոքերի բոլոր հատվածներում նկատվել է ալվեոլներից արյան մեջ թթվածնի թափանցման դժվարացում։ Նորագույն տեխնոլոգիան հաստատում է երկար քովիդի դեպքում թոքերի ախտահարման փաստը, դրա օգնությամբ ստացված տվյալները ցույց են տալիս, որ այդ վիճակը պարզապես հիպոխոնդրիա չէ։