Կորոնավիրուսի նոր շտամները վտանգավոր են ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար։ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետազոտողները SARS-CoV-2-ով վարակման ավելի քան 2000 դեպքի գենոմային անալիզ են կատարել մանկաբուժական պացիենտների շրջանում՝ պարզելու համար, թե որքանով են երեխաներն ընկալունակ պաթոգենի նոր տարբերակի հանդեպ։ Հետազոտության արդյունքները դեռ փորձագիտական գնահատական չեն ստացել եւ հրապարակվել են նախնական հետազոտությունների medrxiv կայքում։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, բացահայտված 560 մուտացիաների 75 տոկոսը հայտնաբերվել է 12-ից ցածր տարիքի երեխաների մոտ, այդ թվում՝ «բրիտանական» В.1.1.7 շտամով վարակման 33 դեպք, եւս 119 երեխա վարակվել էր B.1.427/B.1.429 տարբերակով, որն առաջին անգամ է հայտնաբերվել Կալիֆոռնիայում։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ մանկական օրգանիզմը պահեստարան է վիրուսի նոր շտամների համար, եւ անհրաժեշտ է մշտական գենոմային վերահսկողություն պացիենտների այդ խմբում, հատկապես նկատի ունենալով այն, որ նրանք վերջինն են պատվաստվելու կորոնավիրուսի դեմ։
Իրենց աշխատանքում գիտնականները չեն գնահատել ախտանշանների ծանրությունը եւ բարդությունների հավանականությունը կորոնավիրուսի նոր տեսակների վարակման դեպքում, բայց ԱՄՆ եւ Թուրքիայի մասնագետները ավելի վաղ տեղեկացրել էին այն մասին, որ В.1.1.7 շտամը մեծ վտանգ է ներկայացնում երեխաների համար։






