Կարո՞ղ են արդյոք COVID-19-ը թեթեւ անցկացրած մարդիկ պաշտպանված լինել կրկնակի վարակումից։ Շվեդիայի գիտնականները փորձել են պատասխանել այս հարցին։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, Շվեդիայի հանրային առողջապահության գործակալության գիտնականներն իրենց նոր հետազոտությունում ընդգրկել են 469 կամավորականի, որոնք համաձայնել են արյան նմուշներ հանձնել կորոնավիրուսի հակամարմինների որոշման համար։ 2020թ. հոկտեմբեր-դեկտեմբերին առաջին թեստավորման ժամանակ SARS-CoV-2-ի հանդեպ հակամարմիններ ունեցել է 145 մասնակից։ Ապրիլին անցկացված ստուգիչ հետազոտությունը հաստատել է, որ եւս 28 մարդ անցկացրել է վարակը։

Թեստավորման դրական արդյունքներով պացիենտների մոտ 85 տոկոսը տարել է COVID-19-ի թեթեւ ձեւը։ Գրեթե բոլոր մասնակիցների մոտ (95 տոկոս) եղել է IgG վարակը չեզոքացնող հակամարմինների երկու տեսակ՝ S-սպիտակուցի եւ N-սպիտակուցի (նուկլեոկապսիդային) հանդեպ։ 8 նմուշներում մասնագետները հայտնաբերել են հակամարմինների միայն մեկ տեսակ, եւս 4-ում՝ դրանցից ոչ մեկը։

Գիտնականները կապ չեն գտել հակամարմինների մակարդակի եւ մարդու սեռի ու տարիքի միջեւ, բայց այդ մակարդակը հարաբերակցվել է տարած COVID-19-ի ծանրության հետ. ծանր կամ չափավոր ընթացքից հետո այն ավելի բարձր էր։

Առաջին թեստավորումից 8 ամիս հետո պացիենտների առաջին խմբի մոտ S-սպիտակուցի հանդեպ հակամարմինների մակարդակը մնացել է կայուն։ Սակայն N-սպիտակուցի հանդեպ հակամարմինների տիտրը եղել է նկատելիորեն ցածր նախնական ցուցանիշի համեմատ։ Ընդ որում՝ կրկնակի վարակման ոչ մի դեպք այս ընտրանքում այդ ընթացքում չի գրանցվել։