Կորոնավիրուսի դեմ BioNTech/Pfizer արտադրության պատվաստանյութ ստացած մարդկանց մեջ տասն անգամ ավելի շատ հակամարմիններ են առաջանում, քան նրանց մոտ, ովքեր պատվաստվել են չինական Sinovac դեղամիջոցով։ Այս մասին տեղեկացրել է South China Morning Post պարբերականը՝ հղում կատարելով դա հաստատող հետազոտությանը։

Հետազոտության տվյալներով՝ ստեղծված հակամարմինների մակարդակը Sinovac-ով պատվաստման դեպքում նույնն էր եւ նույնիսկ ավելի ցածր, որը գրանցվում է COVID-19-ից բնական ճանապարհով բուժված անձանց մոտ։ Ուստի, խորհուրդ է տրվում ստանալ նաեւ պատվաստանյութի բուստերային չափաբաժինը բնակչության առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ տարեցներին եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց։

Ընդ որում՝ գիտնականները նշում են, որ անգամ օրգանիզմի պաշտպանության միջին մակարդակն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Առաջատար հետազոտող Բենջամին Քոուլինգն ասել է, որ հետազոտության արդյունքները համապատասխանում են պատվաստանյութեր արտադրողների հայտարարություններին դրանց արդյունավետության մասին. Pfizer-ի համար այդ ցուցանիշը կազմում է 95 տոկոս, Sinovac-ի՝ 50,7 տոկոս։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ հակամարմինների միջին մակարդակը՝ 267, 12 մարդուց բաղկացած ենթախմբում, որոնք ստացել են Pfizer, տասն անգամ ավելի բարձր է, քան նույն թվով մարդկանց ենթախմբում, ովքեր Sinovac են ստացել. նրանց մոտ այց ցուցանիշը հավասար է 27-ի։