COVID-19-ը հատկապես վտանգավոր է իմունային անբավարարություն ունեցող մարդկանց համար. այդպիսի մարդկանց մոտ կորոնավիրուսային վարակից մահվան ռիսկը մեծանում է 30 տոկոսով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտնականների կողմից թողարկված խոշոր միջազգային հետազոտության արդյունքներում:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ գիտնականների կողմից 24 երկրում անցկացված հետազոտությունն ընդգրկել է COVID-19-ի ծանր բարդություններով հոսպիտալացված ավելի քան 268 400 հիվանդի տվյալներ: Նրանց թվում կար ՄԻԱՎ վարակակիր 15.500 մարդ, 37 տոկոսը տղամարդիկ էին, միջին տարիքը՝ 45.5 տարեկան: Նրանց մեծ մասը (92 տոկոս) պարբերաբար հակառետրովիրուսային դեղեր էր ստացել:
Տվյալների ճշգրտումից հետո, հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում՝ հիվանդների մոտ քրոնիկ հիվանդությունների առկայությունը, գիտնականները եզրակացրել են, որ ՄԻԱՎ վարակի առկայությունը մեծացնում է կորոնավիրուսային վարակից մահվան հավանականությունն առնվազն 30 տոկոսով: COVID-19-ը հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր տղամարդկանց համար. այս խմբի հոսպիտալացված հիվանդների կեսի մոտ մահացության ռիսկը ծայրահեղ ծանր է:
Գիտաժողովին ներկա որոշ փորձագետներ, որտեղ ներկայացված են հետազոտության արդյունքները, նշել են, որ քրոնիկ հիվանդությունների վերաբերյալ տվյալների ճշգրտումը խեղաթյուրում է իրական պատկերը, քանի որ ՄԻԱՎ-ը սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ այլ պաթոլոգիաների անկախ ռիսկի գործոն է: Ուստի իրականում ՄԻԱՎ-ով հիվանդների մահացության ռիսկը զգալիորեն բարձր է 30 տոկոսից:






