Կորոնավիրուսային վարակը կարող է թոքերում անդառնալի փոփոխությունների ձեւավորման, ինչպես նաեւ ինֆարկտի եւ ինսուլտի հանգեցնել, որից հետո անձը կարող է հաշմանդամ դառնալ: Այս մասին նախազգուշացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի Դաշնային բյուջետային գիտական ​​հաստատության կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն Անտոնինա Պլոսկիրյովան:

«Կորոնավիրուսային վարակի արդյունքում թոքերում կարող են անդառնալի փոփոխություններ (ֆիբրոզ) ձեւավորվել, կարող են զարգանալ ինֆարկտներ եւ ինսուլտներ, ինչը կարող է հիվանդի հաշմանդամության հանգեցնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Պլոսկիրյովան:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակից հետո որոշ հիվանդների մոտ երկար ժամանակ տարբեր կլինիկական դրսեւորումները պահպանվում են, այդ թվում՝ ասթենիկ սինդրոմը եւ շնչառական ախտանիշներն ու հազը, եւ այդ ախտանիշները կախված չեն հիվանդության ծանրությունից եւ այն բանից՝ արդյոք հիվանդին հոսպիտալացում է պահանջվել, թե ոչ:

Լավ նորությունն այն է, որ հիվանդների մեծ մասի մոտ այդ ախտանիշները շրջելի են, եւ ժամանակի ընթացքում նրանց առողջությունն ու բարեկեցությունը կվերականգնվեն: