Նույնիսկ եթե մարդը COVID-19 է տարել, նա դեռ պետք է պատվաստվի. դա կնվազեցնի կրկնակի վարակման վտանգն ավելի քան 2 անգամ, վկայում է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) նոր հետազոտությունը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ սա առաջին հետազոտությունը չէ, որը ցույց է տալիս պատվաստման անհրաժեշտությունը տարած կորոնավիրուսային վարակից հետո:

Նոր հետազոտությանը մասնակցել է Կենտուկիի 738 բնակիչ, ովքեր անցյալ տարի կորոնավիրուս են տարել: Նրանցից 246-ի հանձնած ՊՇՌ թեստի արդյունքները դրական են եղել 2021 թվականի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում:

Պարզվել է, որ պատվաստումների բացակայությունը կապված է նոր տարբերակներով կրկնակի վարակման հավանականության 2.34 անգամ ավելացման հետ՝ լիարժեք կերպով պատվաստվածների համեմատ: Հիվանդության դեպքեր ունեցող հիվանդների շրջանում 20.3 տոկոսը պատվաստվել է վերահսկող խմբի 34.3 տոկոսի համեմատ: Հատկանշական է, որ մասնակի պատվաստումը, այսինքն ՝ դեղամիջոցի միայն մեկ բաղադրիչ ստանալը, էական ազդեցություն չի ունեցել այս ռիսկի նվազեցման վրա:

Ըստ գիտնականների՝ այս հետազոտությունը դիտողական բնույթ է կրում, այսինքն ՝ պատճառահետեւանքային հարաբերությունների հստակ ապացույցներ չի տալիս: Բացի այդ, հեղինակները չունեին տվյալներ՝ խմբերի միջեւ ախտանիշների ծանրությունը համեմատելու համար: Այնուամենայնիվ, ստացված արդյունքները հաստատում են ավելի վաղ արված հետեւություններն այն մասին, որ պատվաստումը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում վարակի դեմ, նույնիսկ՝ նրանց համար, ովքեր արդեն տարել են վարակը եւ իմունիտետ ունեն կորոնավիրուսի նկատմամբ: