Pfizer-ի եւ Moderna-ի պատվաստումից երեք ամիս անց կորոնավիրուսին հումորալ (հակամարմինների հետ կապված) իմունային պատասխանը նվազում է: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:

Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները փորձարկել են 27 մեծահասակների արյան նմուշներ. 13-ը՝ կորոնավիրուսի դրական թեստով եւ 14 առողջ: Նրանք բոլորը երեք անգամ արյուն են հանձնել՝ առաջին անգամ պատվաստանյութի առաջին դեղաչափից 2-3 շաբաթ անց, երկրորդը՝ երկրորդից հետո նույն ժամանակահատվածից հետո, իսկ երրորդը՝ դրանից 2 ամիս անց:

Գիտնականները գնահատել են արյան մեջ հակամարմինների մակարդակը եւ այն, թե որքանով են դրանք ժամանակի ընթացքում արգելափակում կորոնավիրուսային պեպլոմերային սպիտակուցի կապը ACE2 ընկալիչների հետ՝ SARS-CoV-2 բջիջ մուտք գործելու հիմնական մեխանիզմը:

Ինչպես պարզվել է, մասնակիցների արյան մեջ հակամարմինների մակարդակը նկատելիորեն նվազել է 3 ամսվա ընթացքում: Երկրորդ դեղաչափից երեք շաբաթ անց հակամարմինների ճնշման միջին մակարդակը 98 տոկոս էր, սակայն ընդամենը 3 ամիս անց այն նվազել էր 20 տոկոսով: Ընդ որում, հումորալ իմունային պատասխանը նրանց մոտ, ովքեր ապաքինվել էին COVID-19-ից, ինչպես եւ սպասվում էր, ավելի բարձր էր: Բայց միեւնույն ժամանակ, նրանց մոտ, ովքեր հիվանդությունն առանց ախտանիշների էին տարել, իմունային պատասխանը համեմատելի էր այն մարդկանց հետ, ում հանձնած թեստի արդյունքները բացասական էին:

Հումորալ իմունային պատասխանը կորոնավիրուսի նոր շտամներին ավելի ցածր էր՝ պատվաստանյութի երկրորդ դեղաչափից 3 շաբաթ անց, «գամմա» շտամի համար պեպլոմերային սպիտակուցի արգելափակման մակարդակը 70 տոկոս էր, իսկ «բետա» շտամի դեպքում՝ 67 տոկոս: 3 ամիս անց դրանք նվազել են համապատասխանաբար 31 եւ 27.5 տոկոսով: