Դիմակներն իսկապես օգնում են կանխել կորոնավիրուսի տարածումը, վկայում են Բանգլադեշում անցկացված խոշոր հետազոտության արդյունքները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ համավարակի սկզբից ի վեր բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել դիմակների արդյունավետությունը, սակայն դրանցից շատերը լաբորատոր կամ դիտողական են եղել, իսկ դիտողական ուսումնասիրությունները չեն կարող ճշգրիտ ապացուցել, որ դիմակներն են վարակման դեպքերի կրճատման պատճառը, քանի որ նման ուսումնասիրությունները կարող են հաշվի չառնել որոշ գործոններ, որոնք կարող են ազդել վարակման վրա:

Նոր հետազոտությունը, որը դեռ գիտական լիցենզավորում չի անցել, ընդգրկել է Բանգլադեշի 600 գյուղ՝ ավելի քան 350.000 չափահաս մարդկանցով: Հետազոտության մեջ ընդգրկված գյուղերի կեսի բնակիչներին գիտնականները խրախուսել են բժշկական դիմակներ կրել 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար: Նրանց տրվել են անվճար դիմակներ (երկու երրորդը՝ վիրաբուժական, մեկ երրորդը՝ կտորե), որոշ գյուղեր ստացել են նյութական խրախուսանքներ, ակցիային աջակցել են տեղի ղեկավարները: Գյուղերի երկրորդ մասում նման միջոցներ չեն ձեռնարկվել:

Ուսումնասիրության ավարտին առաջին խմբի բնակիչների 42 տոկոսը դիմակներ է կրել, իսկ երկրորդում՝ 13 տոկոսը: Հետազոտության ընթացքում դիմակ կրելու բարձր մակարդակով բնակավայրերում COVID-19-ով մարդկանց թիվը 11 տոկոսով ցածր էր, քան վերահսկիչ խմբի գյուղերում: Կորոնավիրուսի դեմ հակամարմիններ ունեցող մարդկանց մասնաբաժինը 9 տոկոսով ցածր էր:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վիրաբուժական դիմակներն ավելի շատ են պաշտպանություն ապահովում, քան կտորե դիմակները՝ 12 տոկոսով եւ 5 տոկոսով նվազեցնելով COVID-19-ի ախտանիշների ռիսկը: Դիմակ կրելուց ամենամեծ օգուտը եղել է 65 տարեկանից բարձր մարդկանց համար. վիրաբուժական դիմակներ կրելիս վարակման դեպքերը նվազել են 35 տոկոսով:

Գիտնականները նշել են, որ դեպքերի նվազեցման ազդեցությունը կարող է ոչ միայն դիմակների հետ կապված լինել: Մարդիկ, ովքեր ավելի հաճախ էին դրանք կրում, նաեւ ավելի հակված էին սոցիալական հեռավորություն պահպանել: Հեղինակները նշում են, որ իրենց ստացած տվյալները հզոր փաստարկ են պարտադիր դիմակներ կրելու հակառակորդների փաստարկների դեմ, ովքեր պնդում են, որ դիմակները մարդկանց ստիպում են ավելի անհոգ լինել: