Հղիության ընթացքում պարացետամոլը պետք է մեծ զգուշությամբ ընդունել, ինչպես ցույց է տվել վերջին 25 տարվա հետազոտությունների խոշորագույն տեսությունը: Արդյունքները հրապարակված են Nature Reviews Endocrinology ամսագրում:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ պարացետամոլը (ացետամինոֆեն) համարվում է հղիության ընթացքում ամենաանվտանգ ջերմիջեցնողը եւ մեղմ ու չափավոր ցավազրկողը, պայմանով, որ այն օգտագործվի ամենացածր չափաբաժնով եւ միայն ըստ խորհրդատվության: Իրենց հրապարակման մեջ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները նշել են, որ ապագա մայրերը հաճախ չարաշահում են դեղամիջոցը՝ պարացետամոլն ընդունելով տարբեր տեսակի ցավերի համար եւ չպահպանելով դեղաչափը: Սա սպառնում է պտղի համար տարբեր բարդություններով:
Ացետամինոֆենի ոչ չափավոր օգտագործման հետեւանքների մասին ավելի ընդլայնված տվյալներ ձեռք բերելու համար գիտնականները վերանայել են հղիների մոտ դեղամիջոցի օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են 2005-ից մինչեւ 2020 թվականը: Մասնագետները հավաքել են բոլոր գիտական աշխատանքները, ներառյալ կենդանիների վրա փորձարկումների եւ լաբորատոր փորձերի արդյունքները՝ կենտրոնանալով հիմնականում 29 դիտողական հետազոտությունների վրա, որոնց մասնակցել է ավելի քան 220 000 կանայք եւ նրանց երեխաները:
Արդյունքում գիտնականները գտել են ապացույցներ, որ հղիության ընթացքում պարացետամոլ ընդունելը կարող է կապված լինել պտղի նյարդային համակարգի խանգարումների հետ, ինչը կարող է հանգեցնել ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի (ՈՒԴՀՀ) եւ երեխայի վարքի հետ կապված դժվարությունների:






