Մայրերը կարող են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ փոխանցել իրենց երեխաներին կրծքի կաթի միջոցով: Այսպիսի եզրահանգման են եկել Նյու Յորքի Mount Sinai հիվանդանոցի գիտնականները: Կրծքով կերակրվող երեխաները կարող են մասնակի պաշտպանություն ստանալ կորոնավիրուսից, հայտնում է The Daily Mail-ը: Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են կորոնավիրուսից ապաքինված 75 կնոջ կաթի բաղադրությունը: Ինչպես պարզվել է, հակամարմիններն առկա էին կրծքի կաթի մեջ մոր վարակվելուց հետո մինչեւ 10 ամիս: Ընդ որում, մայրերի կաթի նմուշների մեծ մասը, որոնց մոտ COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունք էր գրանցվել, չեզոքացրել են վիրուսը:
Այժմ գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք կարող է պատվաստման միջոցով ձեռք բերված իմունիտետը փոխանցվել կրծքի կաթի միջոցով: Ավելին, գիտնականները կրծքի կաթի մեջ առկա հակամարմինները ցանկանում են օգտագործել մեծահասակների համար COVID-19-ի դեմ նոր դեղամիջոց մշակելու նպատակով:






