Ռուս գիտնականները հակաբիոտիկների հանդեպ կայուն ստաֆիլոկոկների դեմ պայքարի նոր միջոց են հայտնաբերել, դրանք կյանքին սպառնացող վարակներ են առաջացնում, այդ թվում՝ մաշկի վնասվածքներ, թոքաբորբ, մենինգիտ եւ սեփսիս: Գիտնականների նպատակը ոչ թե նոր դեղերի որոնումն է, այլ եղածների ուժեղացումը:
Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի գիտական հիմնադրամի կայքի մամուլի հաղորդագրության մեջ, հետազոտողները պարզել են, թե ինչպես բարձրացնել ցեֆալոսպորինների` β-լակտամային հակաբիոտիկների արդյունավետությունը, որոնք բնութագրվում են բակտերիաների (β-լակտամազներ) կողմից արտադրվող ֆերմենտների նկատմամբ բարձր կայունությամբ: Այս դեղերը օքսիդատիվ սթրեսի միջոցով ախտահարում են բակտերիաների ԴՆԹ-ն, երբ թթվածնային ռադիկալները սկսում են օքսիդացնել մանրէաբանական բջիջի կարեւոր բաղադրիչները:
Դրա համար գիտնականները ազդեցություն են գործել ԴՆԹ-ի վերականգնման համակարգի վրա, որը հատուկ մոլեկուլի միջոցով մանրէների պաշտպանության մակարդակներից է: Ցածր մոլեկուլային քաշ ունեցող միացությունն արգելափակել է հակաբիոտիկների ազդեցությունից բակտերիաների ԴՆԹ-ն պաշտպանող ֆերմենտների ակտիվությունը: Հակաբիոտիկի հետ միասին, այս միացությունը ձեւավորում է համակցված դեղամիջոց, որը շատ ավելի արդյունավետ է, քան հակաբակտերիալ դեղամիջոցն առանձին վերցրած:
Գիտնականները կարծում են, որ նմանատիպ մոտեցումը կարելի է կիրառել այլ բակտերիալ վարակների, այդ թվում՝ տուբերկուլյոզի դեպքում: Հետագայում հետազոտություններում նախատեսում են ընտրել առավել արդյունավետ նյութեր, որոնք ուժեղացնում են հակաբիոտիկների ազդեցությունը: Նմանատիպ միացություններ արդեն օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցները մանրէների ֆերմենտների քայքայումից պաշտպանելու համար:






