Արդյո՞ք COVID-19-ով հիվանդներին անհրաժեշտ են հակակոագուլանտներ: Կարո՞ղ են դրանք նվազեցնել հոսպիտալացման եւ մահացության ռիսկը: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարող են:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների մոտ երակներում կամ զարկերակներում թրոմբի առաջացման բարձր ռիսկ կա: Այնուամենայնիվ, հակակոագուլանտների ընդունումը մեծացնում է վտանգավոր արյունահոսության վտանգը, հետեւաբար դրանք խորհուրդ չեն տրվում ամբուլատոր բուժման համար՝ առանց ցուցումների եւ բժշկական հսկողության:

Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները որոշել են պարզել, թե արդյո՞ք հակակոագուլանտների պարբերաբար ընդունումը նախքան կորոնավիրուսով վարակվելը կարող է մեծացնել ապաքինման հավանականությունը այն հիվանդների մոտ, ովքեր ըստ բժշկական ցուցումների, պետք է ընդունեն այդ դեղամիջոցները, օրինակ՝ տարեց մարդկանց մոտ, ինֆարկտից կամ ինսուլտից հետո, չարորակ ուռուցքներով, թրոմբոֆիլիայով, հորմոնների փոխարինող թերապիա ընդունող հիվանդների մոտ եւ այլն:

Գիտնականները վերլուծել են COVID-19-ով հիվանդ մոտ 6200 մեծահասակ հիվանդների տվյալները եւ պարզել, որ ամբուլատոր պայմաններում հակակոագուլանտների օգտագործումը կապված է հոսպիտալացման ռիսկի 43 տոկոսով նվազման հետ: Հոսպիտալացվելու հավանականությունը նվազել է նույնիսկ այն տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ, համեմատած հետազոտության մյուս մասնակիցների հետ, ովքեր ստացիոնար բուժման կարիք են ունեցել: