Ցինկը մարդու իմունային համակարգի աշխատանքի համար կարեւոր հանքանյութ է: Երբեմն խորհուրդ է տրվում այն ընդունել մրսածության դեպքում, բայց արդյո՞ք դա իսկապես արդյունավետ է: Այս հարցին պատասխանել է BMJ Open-ում հրապարակված նոր հոդվածը:
Medportal.ru-ն պատմում է, որ ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Կանադայի գիտնականներն ուսումնասիրել են մրսածության դեպքում ցինկի ազդեցության 28 հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է մոտ 5500 մարդ։ Որոշ հետազոտություններում հանքանյութը ընդունել են կանխարգելման նպատակով, մյուսներում՝ բուժման:
Միջին հաշվով ցինկի այունավետությունն այնքան էլ բարձր չի եղել պլացեբոյից: Հոդվածի հեղինակները հաշվարկել են, որ ցինկով հաբերը կամ քթի սփրեյները կարող են կանխել մրսածության 5 դեպք 100 մարդու մոտ, ովքեր օգտագործել են դրանք մեկ ամիս: Ցինկի հավելումները նաեւ կրճատել են հիվանդության տեւողությունը 2 օրով։ Մրսածությամբ 100 մարդուց 19-ն ավելի քիչ ախտանիշներ կզգա 7-րդ օրը, եթե ցինկ ընդունի: Սակայն գիտնականները համարել են, որ ապացույցները, թե ցինկի ընդունումը մեղմացնում է մրսածության ախտանիշների միջին օրական ծանրությունը, համոզիչ չեն:
Հետազոտության մի մասում կամավորներին հատուկ վարակել են ռինովիրուսներով (մրսածության հարուցիչներից մեկով)։ Նման ուսումնասիրությունները ցինկի հաբերի եւ սփրեյների ոչ մի օգուտ ցույց չեն տվել՝ ոչ կանխարգելման, ոչ բուժման մեջ: Միեւնույն ժամանակ, ցինկը ավելի շատ կողմնակի բարդություններ է առաջացրել, քան պլացեբոն: Դրանց թվում են՝ սրտխառնոցը, բերանի խոռոչի գրգռվածությունը, համի զգացողության փոփոխությունը։ Սակայն այս ազդեցությունները ծանր չեն եղել:
Գիտնականների կողմից հայտնաբերված եւս մեկ խնդիր՝ եղած հետազոտությունները հստակ պատկերացում չեն տալիս, թե ինչպես է ավելի լավ ընդունել ցինկը: Չկա համընդհանուր առաջարկվող դոզա, ընդունման օպտիմալ ուղին անհայտ է: Նաեւ գիտնականները չեն բացառում, որ ցինկը ոչ բոլոր շնչառական վիրուսների դեմ է «գործում»։
Թեեւ տվյալները հակասական են, նոր հոդվածի հեղինակները կարծում են, որ եւ՛ բժիշկները, եւ՛ պացիենտները ցինկի հավելումները պետք է դիտարկեն որպես սովորական մրսածության կանխարգելման եւ բուժման հնարավոր միջոց: Ըստ հեղինակների՝ ցինկի հավելումը նախընտրելի է այն դեղամիջոցներից, որոնք միանշանակ անարդյունավետ են, բայց նշանակվում են պացիենտներին հանգստացնելու համար:






