3 գործոններ թույլ են տալիս կանխատեսել կորոնավիրուսով հիվանդ եւ թոքերի արհեստական շնչառության սարքին (ԱՇՍ) միացած պացիենտների կենսակայունության շանսերը՝ կմահանա՞ն արդյոք, նրանք, թե՞ ողջ կմնան։ Այս մասին տեղեկացնում են Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարանի (ԲՊԲՀ, Ռուսաստան) գիտնականները։
Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, նոր հետազոտությանը մասնակցել է COVID-19-ի ծանր ընթացքով 200 պացիենտ, որոնց կեսին անհրաժեշտ է եղել ԱՇՍ միացնել, մյուսները կարող էին ինքնուրույն շնչել։
Հատկապես կարեւորվել են այնպիսի գործոններ, ինչպիսին են գնահատականն ըստ բազմօրգան անբավարարության (SOFA) աստիճանի որոշման սանդղակի, լիմֆոցիտների հանդեպ նեյտրոֆիլների թվի հարաբերակցությունը (վկայում է բորբոքման օջախի մասին) եւ բորբոքային ցիտոկինների քանակությունը (վկայում է ցիտոկինային գրոհի մասին)։ Եթե այս բոլոր ցուցանիշները բարձր են, կամխատեսումն այնքան էլ նպաստավոր չէ։
Բացասական ցուցանիշներ են եղել օնկոլոգիական հիվանդությունների առկայությունը, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգերի կողմից առաջացած բարդությունները։ Մեծ դեր են խաղացել նաեւ ուղեկցող հիվանդությունների ստաժը եւ դրանց կոմպենսացման աստիճանը։
«Մահացած պացիենտները ավելի հաճախ եղել են տղամարդիկ եւ ի սկզբանե ունեցել են ըստ SOFA սանդղակի վիճակագրականորեն նշանակալի ավելի բարձր բալեր, արյան մեջ լիմֆոցիտների հանդեպ նեյտրոֆիլների թվի հարաբերության եւ ինտերլեյկին-6 (ԻԼ-6) բորբոքման մարքերների պարունակության ավելի բարձր մեծություններ»,- ասել է ԲՊԲՀ կլինիկայի վիրաբուժական օգնության գծով գլխավոր բժշկի տեղակալ Իլդար Գալիմովը։






