Հնդկական Bharat Biotech  ընկերության ստեղծած COVAXIN պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի ախտանշանների առաջացումը կանխարգելելու գործում գնահատել են 77,8 տոկոս: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները հրապարակվել է The Lancet պարբերականում:

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլում մասնակցել է Հնդկաստանի 18-97 տարեկան ավելի քան 24 400 բնակիչ, որոնք պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի: Մեկում (12 221 մարդ) ստացել են դեղամիջոցի երկու դեղաչափերը, մյուսում՝ պլացեբո:

Շուրջ 17 000 ի սկզբանե բացասական արդյունքով ՊՇՌ թեստերից 130 մարդու շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի դրական պատասխանը: 8471 պատվաստված մարդկանց շրջանում վարակվել է 24 մարդ, պլացեբոյի խմբի 8502 մասնակիցների շրջանում՝ 106 մարդ, ինչը նշանակում է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 77,8 տոկոսի:

Գրանցվել է COVID-19-ի ծանր ընթացքով 16 դեպք՝ մեկ դեպք փորձարարական խմբում եւ 15 դեպք պլացեբոյի խնբում:

Սակայն հետազոտողները նշել են, որ այդ տվյալները նախնական են եւ ունեն ավելի մեծ ընտրանքով հաստատման կարիք: Ինչպես փորձարարական, այնպես էլ պլացեբոյի խմբում մարդկանց ընդամենը 12 տոկոսն է հայտնել պատվաստվելուց հետո կողմնակի ազդեցության մասին, նրանցից ոչ մեկը լուրջ չէր: