Որոշ դեղամիջոցներ ոչ միայն կայունացնում են ճնշումը, այլեւ կանխարգելիչ ազդեցություն ունեն 2-րդ տիպի շաքարախտի դեմ: Այս մասին են վկայում The Lancet-ում հրապարակված խոշոր մեթավերլուծության տվյալները։
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, Օքսֆորդի եւ Բրիստոլի համալսարանների գիտնականները վերլուծել են մոտ 146 000 մարդու մասնակցությամբ 19 միջազգային հետազոտությունների տվյալները, որոնցում գնահատվել են հակահիպերտոնիկ դեղամիջոցների որոշակի տեսակները: Կամավորների վիճակին հետեւելու աշխատանքները առնվազն 5 տարի են տեւել։ Գիտնականները նաեւ օգտվել են 22 հետազոտություններից, որոնք ուսումնասիրել են ճնշման դեմ դեղամիջոցների հինգ հիմնական տեսակների եւ շաքարախտի ռիսկի միջեւ հնարավոր կապը:
Ըստ հետազոտության, բոլոր տեսակի դեղամիջոցների կանոնավոր ընդունումը ցույց է տվել ակնկալվող թերապեւտիկ ազդեցություն՝ կամավորների մոտ սիստոլիկ (վերին) ճնշումը նվազել է միջինը ս.ս. 5 մմ-ով: Բայց գլխավոր բացահայտումն այն էր, որ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչների ընդունումը 16%-ով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի հարաբերական ռիսկը։
Հետաքրքիր է, սակայն, որ ճնշման այլ տեսակների դեղամիջոցները նման կանխարգելիչ ազդեցություն չեն ունեցել: Գիտնականները նաեւ պարզել են, որ բետա-բլոկատորները եւ թիազիդային միզամուղներն իրականում մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը, չնայած այն հանգամանքին, որ դրանք օգնում են կանխել սրտի կաթվածի եւ ինսուլտի վտանգը:
Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքները պետք է օգտագործվեն զարկերակային ճնշման բուժման եւ շաքարախտի կանխարգելման ուղեցույցները թարմացնելու համար։ Մասնավորապես, հակահիպերտոնիկ դեղամիջոցներ ընտրելիս բժիշկները պետք է հաշվի առնեն հիվանդի մոտ շաքարախտի զարգացման ռիսկը:






