Տվյալ պահին դեքսամետազոնը միակ դեղամիջոցն է միջին եւ ծանր COVID-19-ի բուժման համար։ Այնուամենայնիվ, այս ստերոիդ դեղամիջոցն ունի լուրջ կողմնակի ազդեցություն․ այն հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի ավելացման:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտությունը ցույց է տվել, թե որքան վտանգավոր է այն շաքարային դիաբետով հիվանդների համար։ Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են ավելի քան 2200 հիվանդների տվյալները, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով Մեծ Բրիտանիայի համաճարակի առաջին եւ երկրորդ ալիքների ընթացքում:

Երկրորդ ալիքի ընթացքում դեքսամետազոն է նշանակվել հիվանդների 68%-ին, նրանցից 35%-ը ունեցել է նաեւ շաքարային դիաբետ։ Հիպերգլիկեմիան (արյան մեջ շաքարի բարձրացում) առաջացել է 19%-ի մոտ, ինչը պահանջել է լրացուցիչ բուժում, իսկ դիաբետով հիվանդների մեծամասնության մոտ ախտանիշները վատթարացել են։ Մարդկանց եւս 12%-ի մոտ առաջին անգամ դիաբետ է ախտորոշվել բուժման ընթացքում, եւ հետազոտության հեղինակները դա բացատրում են նրանով, որ որոշ հիվանդներ կարող էին տեղյակ չլինել իրենց հիվանդության մասին մինչեւ հոսպիտալացումը:

Բացի այդ, հիվանդների 2%-ի մոտ առաջացել է այսպես կոչված ստերոիդային դիաբետ: Մասնագետների կարծիքով՝ շատ դեպքերում այս վիճակն անհետանում է ստերոիդային բուժման ավարտից հետո։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դեքսամետազոնով բուժումը 56%-ով նվազեցրել է մահացության եւ լուրջ բարդությունների ռիսկը ինչպես դիաբետ ունեցողների, այնպես էլ դիաբետ չունեցողների մոտ։