Գոյություն ունի կորոնավիրուսի դեմ ՌՆԹ պատվաստանյութերից հետո հազվադեպ բարդությունների շատ ցածր ռիսկ. դրանք կարող են ազդել սիրտ-անոթային համակարգի վրա։ Այսպիսի եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրի հոդվածում։

Գիտնականներն ընդգծել են, որ պատվաստանյութի բացասական ազդեցության ռիսկը սիրտ-անոթային համակարգի վրա չափազանց ցածր է, այն դեպքում, երբ COVID-19-ը կարող է հանգեցնել սրտի եւ անոթների ավելի վտանգավոր հիվանդությունների։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միոկարդիտի վտանգը՝ կապված մՌՆԹ հիմամբ երկու պատվաստանյութերի հետ (AstraZeneca եւ Moderna), մի փոքր ավելի բարձր է մինչեւ 40 տարեկան մարդկանց մոտ, հատկապես Moderna պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից հետո։ Դա համադրելի է միոկարդիտի առաջացման հավանականությանը COVID-19-ով հիվանդանալուց հետո։ Ըստ գնահատականների՝ այդ մարդկանց մոտ եղել է միոկարդիտի 10 լրացուցիչ դեպք մեկ միլիոն մարդու հաշվարկով՝ SARS-CoV-2-ի դրական թեստից հետո եւ եւս 15 դեպք մեկ միլիոն մարդու հաշվարկով՝ Moderna-ի երկրորդ չափաբաժնից հետո։

Գիտնականների խոսքով՝ չնայած միոկարդիտի վտանգը մի փոքր ավելի բարձր է, քան COVID-19-ի դեպքում, պատվաստանյութը կորոնավիրուսով վարակվելու (ինչը կարող է հանգեցնել տարբեր օրգանների ավելի վտանգավոր եւ հաճախակի բարդությունների, օրինակ՝ թրոմբոզի) լավագույն այլընտրանքն է։