Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները, որոնք մասնագիտանում են մատրիցային ՌՆԹ-ի հիման վրա դեղանյութերի արտադրության ոլորտում, աշխատում են ծաղկի, օնկոլոգիական հիվանդությունների եւ հերպեսի դեմ երեք նոր պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ։

Ինչպես տեղեկացվում է կազմակերպության պաշտոնական կայքում, պարզ հերպեսի երկրորդ տեսակի (որը սովորաբար ախտահարում է մարդու սեռական օրգանները) դեմ mRNA-1608 պատվաստանյութի ստեղծումը կարող է ապահովել նաեւ խաչաձեւ պաշտպանություն Պարզ հերպեսի վիրուս-1-ից (ՊՀՎ-1), որը «բնակություն է հաստատում» նաեւ դեմքին եւ բերանի խոռոչում։

mRNA-4359 երկրորդ պատվաստանյութը նպատակ ունի կանխել մելանոման (մաշկի քաղցկեղը)։ Այս դեղանյութի աշխատանքի մեխանիզմը հիմնված է վերահսկիչ կետերի (checkpoint) պաշտպանության վրա։ Վերջինների վրա են ազդում քաղցկեղի բջիջները՝ խոչընդոտելով օրգանիզմի լիարժեք իմունային պատասխանին։

Գիտնականների կողմից ստեղծվող երրորդ պատվաստանյութը՝ МРНК-1468, թույլ կտա կանխել ջրծաղկով վարակվելը, որը կարող է սրել մաշկի ցանով ուղեկցվող մրմնջուկը (լիշայ), իսկ որոշ դեպքերում հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման եւ կաթվածի։