Վիրուսային վարակը կարող է պաթոգեն պրոցեսներ առաջացնել, որոնք առողջանալուց հետո երկար ժամանակ անց կարող են աուտոիմուն հիվանդությունների հանգեցնել: Նման եզրակացության են հանգել Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները։
Ինչպես ասվում է MedicalXpress կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, այս մեխանիզմը կապված է ուրցագեղձի վարակիչ խոցման հետ։
Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մկների ռոզեոլովիրուսը (հերպեսի տեսակ) վարակում է ուրցագեղձը՝ օրգան, որտեղ իմունային T բջիջներն ընտրվում են օտար անտիգենների վրա հարձակվելու համար, բայց՝ ոչ մարմնի բջիջների: Ռոզեոլովիրուսը խախտում է սելեկցիան, եւ վարակվելուց մի քանի ամիս անց կրծողների մոտ ստամոքսի աուտոիմուն հիվանդություն է առաջանում:
Հետազոտության ընթացքում գիտնականները վիրուսով վարակել են նորածին մկներին։ 12 շաբաթ անց բոլոր կենդանիների մոտ աուտոիմուն գաստրիտ կամ ստամոքսի բորբոքում է առաջացել, թեեւ նրանց ստամոքսում վիրուսի որեւէ նշան չի եղել: Եթե վիրուսն արագորեն ոչնչացվել է հակավիրուսային դեղամիջոցներով առաջին մի քանի օրվա ընթացքում, մկների մոտ 3 ամիս հետո գաստրիտ չի զարգացել։ Սակայն եթե հակավիրուսային դեղամիջոցը կիրառվել է միայն 8 շաբաթ անց, կրծողների մոտ ստամոքսի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Ռոզեոլովիրուսները երեխաների մոտ թեթեւ հիվանդություններ են առաջացնում՝ այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են ջերմությունը եւ ցանը, որը մի քանի օր է տեւում: Մարդկանց մեծ մասը փոքր հասակում վարակվում է ռոզեոլովիրուսի առնվազն մեկ տեսակով: Ինչպես եւ մյուս հերպեսվիրուսները, ռոզեոլովիրուսները ցմահ վարակ են առաջացնում, թեեւ վիրուսը լատենտ վիճակ է անցնում եւ հազվադեպ է ախտանշաններ առաջացնում նախնական վարակումից հետո:






